Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը ընտանիքի հետ այսօր առավոտյան վերադարձել է հայրենիք։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Թբիլիսիի օդանավակայանում Շաշկինը լրագրողներին ասել է, որ ինքը Վրաստանի քաղաքացի է եւ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, որ ունի իրեն տալու դատախազությունը։

Նախկին նախարարը ընտանիքի հետ Միացյալ Նահանգներ արձակուրդի էր մեկնել անցած տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում հաղթեց «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը, եւ մինչ օրս չէր վերադառնում։

Վրաստանի ներկայիս պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, մինչդեռ, հայտարարել էր, որ իր նախորդի օրոք վատնվել է ավելի քան 100 միլիոն դոլար։

Շաշկինը այսօր ասել է, թե ինքը դեռեւս ազատ մարդ է եւ որոշում է ընդունել վերադառնալ Վրաստան։ «Եթե ինձ ուղղված հարցեր կան, պատրաստ եմ դրանց պատասխանել», - հայտարարել է նա։

Վրաստանի դատախազությունը, իր հերթին, հայտարարել է, որ Շաշկինին հարցեր ունի տալու նրա` որպես ոչ միայն պաշտպանության, այլեւ կրթության ու պատիժների իրականացման նախարար պաշտոնավարման շրջանների հետ կապված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG