Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հերման վան Ռոմպոյը


Սերժ Սարգսյանի եւ Հերման վան Ռոմպոյի ողջունում են միմյանց Երեւանում կայանալիք համատեղ ասուլիսից առաջ, 4-ը հուլիսի, 2012թ.
Սերժ Սարգսյանի եւ Հերման վան Ռոմպոյի ողջունում են միմյանց Երեւանում կայանալիք համատեղ ասուլիսից առաջ, 4-ը հուլիսի, 2012թ.
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:

«Ես ողջունում եմ վերջին տարիներին ձեր երկրում նախաձեռնած բարեփոխումները: Այս ուղիով շարունակական ջանքերը ձեր երկիրը կմոտեցնեն Եվրոպական միությանը` հնարավորություն տալով մեզ հասնելու Արեւելյան գործընկերության շրջանակում քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման մեր ընդհանուր նպատակին: Ես ողջունում եմ նաեւ Ձեր ջանքերում հավելյալ առաջընթացը` ուղղված բարելավելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը` ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության նախանշած առկա խնդիրների լուծման ուղղությամբ», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասված է, մասնավորապես, Հերման վան Ռոմպոյի ուղերձում։

«Տեղյակ եմ ձեր երկրի բարդ տարածաշրջանային իրավիճակին: Եվրոպական միությունն ակտիվորեն նպաստում է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ջանքերին եւ շարունակելու է այդպես վարվել: Կցանկանայի եւս մեկ անգամ քաջալերել Ձեզ, ինչպես քաջալերում եմ այլ առաջնորդներին, համարձակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, եթե նույնիսկ դրանք ժամանակ առ ժամանակ դժվար կլինեն։ Վստահեցնում եմ Ձեզ մեր հարաբերություններն այսուհետ եւս խորացնելու իմ հանձնառությունը», - ասված է Եվրոպական խորհրդի նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանի նախագահին շնորհավորական ուղերձներ եւ բարեմաղթանքներ են հղել նաեւ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին:

Սերժ Սարգսյանը շարունակում է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ Հայաստանի եւ արտերկրի այլ պաշտոնատար անձանցից, ստեղծագործական միությունների, հասարակական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից, փոխանցում է նախագահի կայքէջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG