Մատչելիության հղումներ

«Ժամանակն է, որ սահմանը բացվի»


Դատարկ վագոններ հայկական երկաթուղու Գյումրի - Կարս չգործող հատվածում
Դատարկ վագոններ հայկական երկաթուղու Գյումրի - Կարս չգործող հատվածում
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գնացքների երթեւեկության փակումը մարդկային մի շարք տխուր պատմությունների պատճառ է դարձել, որոնցից մեկը Հակոբ Գեւորգյանի պատմությունն է, գրում է Radikal-ի թղթակից Մեսութ Բենլին, ով օրերս եղել է Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյան կայարանում:

Մինչ սահմանի փակվելը Հակոբ Գեւորգյանը գնացքի մեքենավար էր ու երկար տարիների ընթացքում յուրաքանչյուր օր Ախուրյանից մեկնում էր Կարսի Դողու կապի կայարան, բեռներ էր տանում, բեռներ էր բերում: Այս տարիների ընթացքում նա Թուրքիայում ընկերներ էր ձեռք բերել, հատկապես ընկերություն էր անում Դողու կապի կայարանում աշխատող Շուքրուի հետ։

1993 թվականի մարտին, երբ նա հերթական անգամ պատրաստվում էր Կարս մեկնել, նրան ասում են, որ ճանապարհը փակվել է: Սկզբում նա մտածել է, թե դա կարճ կտեւի, օրի-օրի հույսով սպասել է գնացքների երթեւեկության վերականգնմանը, բայց այդ օրից 20 տարի է անցել, ու Գեւորգյանի գնացքը էլ երբեք դուրս չի եկել Ախուրյան կայարանից::

Նա պատմել է, թե քանի որ մեքենավարի գործ չկա, հաստիքը կրճատվել է, հիմա Ախուրյան կայարանում պահակ է աշխատում: «Ժամանակն անցկացնում ենք նստած, ձեռքներս ծալած: 20 տարի սպասում ենք գնացքների երթեւեկության վերականգնմանը, թուրքական կողմից լույսեր են երեւում, 20 տարի նայում ենք այդ լույսերին` սպասելով սահմանի վերաբացմանը: Ախուրիկ գյուղի բնակիչները, որ հաստատվել էին կայարանի մոտ, հեռացել են», - թուրքական թերթի թղթակցին պատմել է Հակոբ Գեւորգյանը։

Նա ասել է, որ սահմանը փակվելու հետ կորցել է եւ թուրք ծանոթներին: «Թուրքիայում Շուքրու անունով ընկեր ունեի, ամեն օր հանդիպում էինք, բայց երբ սահմանը փակվեց, մեր կապն ընդհատվեց: Մի քանի տարի առաջ լսել եմ, որ Շուքրուն մահացել է: Ես շատ տխրեցի: Ես ցանկանում էի նորից տեսել նրան»», - ասել է Գեւորգյանը։

«Շատ ձանձրալի է անընդհատ սպասելը, ժամանակն է, որ սահմանը բացվի ու իմ գնացքով նորից գնամ Թուրքիա», - Radikal-ի թղթակցին ասել է նախկին մեքենավարը, ով հիմա Ախուրյան կայարանում պահակ է աշխատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG