Մատչելիության հղումներ

«21-րդ դարի սոցիալիստը» մահացել է


Վենեսուելա - Ուգո Չավեսը 2012 թվական հուլիսին` նախագահական ընտրարշավի ժամանակ
Վենեսուելա - Ուգո Չավեսը 2012 թվական հուլիսին` նախագահական ընտրարշավի ժամանակ

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից ստացված հաղորդագրության համաձայն, քաղցկեղով հիվանդ 58-ամյա նախագահ Ուգո Չավեսը մահացել է։

Անցած ամիսների ընթացքում Չավեսը հիմնականում գտնվել է Կուբայի մայրաքաղաք Հավանայում, որտեղ քիմիաբուժության կուրս է ընդունել։

Վերջին օրերին լրատվամիջոցները հաղորդում էին, որ Չավեսի մոտ սուր թոքաբորբ էր սկսվել։ Չավեսը փետրվարի 18-ին Հավանայից վերադարձել էր Կարակաս եւ անմիջապես տեղափոխվել զինվորական հիվանդանոց։

Ուգո Չավեսը համարվում էր Հարավային Ամերիկայի ամենավառ քաղաքական գործիչներից մեկը։ Թշվառների պաշտպանի եւ սոցիալական արդարության ջատագովի համբավ ունեցող Չավեսը հայտնի էր նաեւ իր հակավաշինգտոնյան հռետորաբանությամբ։ Ուգո Չավեսն իրեն անվանել է 21-րդ դարի սոցիալիստ։

Չավեսի նպատակն էր իրականացնել «Բոլիվարյան հեղափոխություն» եւ նավթարդյունաբերող Վենեսուելան դարձնել սոցիալիստական պետություն։

Վենեսուելայի Սահմանադրության համաձայն` նախագահի մահվան դեպքում երեսուն օրում պետք է անցկացվեն նոր ընտրություններ։

Կանխատեսելով իր մոտալուտ մահը` Չավեսը վերջերս իր ժառանգորդն է հռչակել փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին, ով, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի նախագահության թեկնածու։

Ենթադրվում է, որ նրա հիմնական մրցակիցը կլինի երիտասարդ նահանգապետ Էնրիկե Ռադոնսկին, ով անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտվել է Չավեսին։

Չավեսի մոտ քաղցկեղ են հայտնաբերել 2011 թվականին։ Նա չորս անգամ վիրահատվել է Կուբայում։ Չավեսի կառավարության նախարարները գրեթե ամեն օր հրապարակում էին լավատեսական հաղորդագրություններ, որոնց համաձայն` նախագահի առողջական վիճակը բարելավվում է։ Սակայն անցած շաբաթ փոխնախագահը խոստովանել էր, որ «կոմանդանտեն ծանր վիճակում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG