Մատչելիության հղումներ

ԱԺ խմբակցությունները ողջունում են Լիտվայի Սեյմասում Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը


Լիտվայի Սեյմասի շենքը երկրի մայրաքաղաք Վիլնյուսում

Լիտվայի Սեյմասի շենքը երկրի մայրաքաղաք Վիլնյուսում

Հայաստանի Ազգային ժողովի խմբակցությունները այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ողջունելով Լիտվայի Սեյմասում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ողջունում են Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծումը: Նախադեպը չունեցող լիտվացի խորհրդարանականների պատմական այս քայլը մարդասիրության, բարեկամության, ժողովրդավարության եւ ազատության վեհ արժեքներին Լիտվայի ժողովրդի անվեհեր նվիրվածության, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին երկխոսության մեջ ներգրավելու նոր կարեւոր հանգրվանի սկզբնավորման վկայությունն է», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում, որը տարածել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հայ ժողովրդի պատմության մեջ Լիտվան հավերժական տեղ է զբաղեցրել որպես մեր նորանկախ հանրապետությունը ճանաչած առաջին երկիր: Հատկանշական է եւ միեւնույն ժամանակ բնական, որ այսօր էլ նույնպես, ինչպես մեր անկախության ձեռքբերման ճակատագրական օրերին, հենց Լիտվայի ներկայացուցիչները առաջինը կատարեցին նման արժանապատիվ եւ խիզախ քայլը», - հայտարարում են Հայաստանի խորհրդարանի խմբակցությունները` իրենց երախտագիտությունը, գնահատանքն ու զորակցությունը հայտնելով լիտվացի գործընկերներին եւ «վստահ լինելով, որ Լիտվան` որպես կայացած ժողովրդավարական պետություն, չի ընկրկի բարեկամության եւ խաղաղ գոյակցության դեմ այս օրերին ծավալված եւ տարակուսանք առաջացնող անբնական ճնշումներին եւ Ադրբեջանից եկող հիստերիկ արձագանքներին»:

«Արցախը սկսում է դիտվել միջազգային ասպարեզում որպես քաղաքականության ինքնուրույն գործոն. այդ մասին են վկայում ԱՄՆ եւ Ավստրալիայի որոշ նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչման փաստերը, Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը ԼՂՀ եւ այլն: Լիտվացի պատգամավորների կողմից Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը եւս մեկ քայլ է այդ ճանապարհին», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG