Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարության շենքը կտնօրինի Էդուարդո Էռնեկյանի ընկերությունը:

Գնորդների բացակայության պատճառով երեքշաբթի օրը չկայացավ Հանրապետության հրապարակում գտնվող արտգործնախարարության շենքի աճուրդը, ինչը նշանակում է, որ ուժի մեջ է մնում արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության հետ կնքված պայմանագիրը:

ՀՀ կառավարության` 2012-ի հոկտեմբերի 4-ի որոշմամբ, հիշեցնենք, Կառավարության թիվ 2 մասնաշենքը (Արտգործնախարարության շենքը) օտարվել էր «Տանգո» ընկերությանը` ավելի քան 51 մլն դոլարին համարժեք դրամով:

Հիշեցնենք նաեւ, որ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշված շենքը աճուրդի հանելը փաստարկել էր նրանով, թե դա հանրության պահանջն է, քանզի մտավախություն կար, որ գույքը շուկայական արժեքից էժան է գնահատվել:

Աճուրդի կենտրոնի տնօրեն Լյուդվիգ Գրիգորյանի խոսքով, նոր աճուրդ չի լինելու: Նրա հավաստմամբ` աճուրդի վերաբերյալ պատճաշ տեղեկատվությունը տարածվել էր, սակայն որեւէ հայտ այդպես էլ չի ներկայացվել:

«Տանգո» ընկերության հետ գույքի օտարման մասին պայմանագիրը կկնքվի մինչեւ 2013 թվականի ապրիլի 30-ը:

Շենքը վերածվելու է 5 աստղանի հյուրանոցային համալիրի` պահպանելով գույքի պատմամշակութային եւ արտաքին տեսքը: Գույքը գնորդին կհանձնվի վճարումներն ամբողջությամբ կատարելուց հետո:

Այսօր` մինչեւ աճուրդը, նախագահ Սերժ Սարգսյանին նամակով դիմել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` խնդրելով անհապաղ կասեցնել աճուրդը եւ օրենսդրական փոփոխությամբ հանրապետական նշանակության շենքերը զերծ պահել օտարումից:

«Կարող են լինել այնպիսի փոփոխություններ, որ մենք զրկվենք այդ շենքի իրական իմաստով հուշարձան լինելուց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մինասյանը` հիշեցնելով, որ արդեն զրկվել ենք «Սեւան» հյուրանոցից, Երիտասարդական պալատից եւ «բարբարոսաբար ոչնչացվող» Փակ շուկայից: - «Եթե մենք ունենայինք հավատի այնքան ռեսուրս, որ որեւիցե հուշարձան սեփականատիրոջը հանձնելուց հետո նա դեպի լավն է գնացել, այդ վախը չէր լինի. կունենանք ե’ւ այդ հուշարձանները, ե’ւ այն օգուտը, որը սպասվում է»:

Մինասյանի համոզմամբ` չկայացած աճուրդը «ֆիկցիա» է, քանի որ գինը «չի արտացոլում շինության իրական արժեքը»:

«Որովհետեւ շենքը նաեւ մեր պատմության մասնիկն է: Կամաց-կամաց եթե մենք զրկում ենք ժողովրդին հիշողությունից, մենք վատ բան ենք անում: Մենք կամաց-կամաց մանկուրտի կարգավիճակ կստեղծենք ժողովրդի համար», - նշեց նա:

Ճարտարապետների միության նախագահը նաեւ թույլ փաստարկ է համարում այն, թե մենք հյուրանոցներ չունենք. - «Հանրապետության հրապարակը կարող է վերածվել հյուրանոցային հրապարակի: Գույքի կառավարման վարչությունը շատ հանգիստ ասում է` եթե մեզ վաղը տան Հանրապետության հրապարակի վրա գտնվող որեւիցե շենքի նորից ինչ-որ արժեք, մենք հեշտությամբ կծախենք… Բայց ինչի՞ համար, ինչը ինչի՞ հետ ենք մենք փոխում»:

Սերժ Սարգսյանին ուղղված նամակի պատասխանը Մինասյանը դեռ չի ստացել եւ չի էլ ակնկալում. - «Մենք կստանանք երեւի թե այն ժամանակ, երբ ընդհանրապես արդեն այդ գործընթացը գնացած կլինի»:
XS
SM
MD
LG