Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր Սահմանադրական դատարան ներկայացրեց պահանջված հավելյալ փաստաթղթերն ու տեղեկությունները:

Նախագահի նախկին թեկնածուն երեկ դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ 2013 թվականի նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանը նրան մեկ օր ժամանակ էր հատկացրել՝ հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու համար:

«Ռադիո Հայ»-ի տնօրեն, նախագահի նախկին թեկնածու, նախագահական ընտրությունների ողջ քարոզարշավը՝ 30 օր, հացադուլի մեջ անցկացրած Ղուկասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դիմումի համար հիմք են հանդիսացել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք հայտարարություններ, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված քվեարկության արդյունքների՝ իր կողմից կատարված որոշակի դիտարկումներ:

«Իրավական իմաստով այս ամենը վկայում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշումը ընդունելիս չի եղել ազատ, չի եղել անկախ, չի կատարել իր պարտականությունները, ուստիեւ ամփոփել է քվեարկության արդյունքները ոչ պատշաճ, հետեւաբար դա պետք է անվավեր ճանաչվի եւ այլն», - ասաց նա:

Սերժ Սարգսյանը, անցած շաբաթ պատասխանելով աշխարհահռչակ ռոք աստղ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի նամակին՝ հայտարարել էր, թե իրեն հաջողվել է կազմակերպել «մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները»:

Այս, ինչպես նաեւ դեռեւս քարոզարշավի ժամանակ Սարգսյանի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տված կարճատեւ հարցազրույցը Ղուկասյանը որակում է ընտրական գործընթացների խախտում: Սարգսյանը «ԳԱԼԱ»–ին իր վերընտրվելու հնարավորության մասին ասել էր, թե՝ «ինչքան ուզես էնքան կխփենք»:

Նախագահի նախկին թեկնածուն կարծում է, որ հիմք ընդունելով Սարգսյանի հայտարարությունները՝ Սահմանադրական դատարանը պետք է նրան հարցաքննի որպես վկա՝ ստուգելու արդյո՞ք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իսկապես անկախ է գործում, թե՞ ոչ։

«Այդ հայտարարություններն ու ընտրության արդյունքը ցույց են տալիս, որ ընտրական գործընթացը կառավարել ու կազմակերպել է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ Սերժ Սարգսյանը, ով այդ շրջանում նաեւ նախագահի թեկնածու էր», – ասաց Ղուկասյանը։ - «Կարեւոր եմ համարում, որ լինի լսումներ Սահմանադրական դատարանում, կարեւոր եմ համարում, որ Սերժ Սարգսյանը որպես վկա հրավիրվի Սահմանադրական դատարան»:

Միեւնույն ժամանակ Ղուկասյանը, դիտարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված քվեարկության որոշ արդյունքներ, դրանք համարում է Սարգսյանի խոսքերի ապացույց։

«Կա այդ կոնկրետ 576 ընտրատեղամասերի օրինակով, որտեղ տեսնում ենք ե՛ւ 100 տոկոս ձայներ կան Սերժ Սարգսյանի օգտին, ե՛ւ 95 տոկոս, ե՛ւ 90 տոկոս, ե՛ւ 70 տոկոս։ Այսինքն բառացիորեն մարդը իր խոստումը՝ տված լրագրողին, կատարել է», – ասում է նա։

Ղուկասյանը նման արդյունքները համարում է անհավանական՝ վկայակոչելով արտագաղթը եւ այլ գործոններ: Նրա հաջորդ դիտարկումը վերաբերում է 400 ընտրատեղամասերի, որտեղ, ինչպես ինքն է մատնանշում, առկա են հակասություններ քվեատուփերում եղած ու գրանցամատյաններում առկա թվերի միջեւ:

Նախագահի նախկին թեկնածուն, սակայն, Սահմանադրական դատարանի օբյեկտիվությանը չի հավատում:
XS
SM
MD
LG