Մատչելիության հղումներ

Մարտի 5-ի մամուլ


Գնահատելով ընթացիկ քաղաքական իրավիճակը` «Հրապարակ»-ը գրում է. - «Դեպքերի պարզ վերլուծությունից կարելի է մի ցավալի հետեւություն անել՝ «Ժառանգությունն» ու նրա լիդերը չգիտեն իրենց անելիքը: Մի կողմից բանակցություններ են գնում Ազգային ժողովում՝ «Ժառանգությունը» ՀՅԴ-ի հետ համատեղ առաջարկների փաթեթ է փորձում առաջ մղել: Մյուս կողմից՝ «Ժառանգության» առաջնորդը տարանջատվում է այդ բանակցություններից՝ ինքը Հրապարակի առաջնորդն է եւ ընտրված նախագահ: Մեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, մեկ կոչ է անում բոլոր ուժերին միանալ իրենց: Նախօրեին էլ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ: Մարտի 1-ին նա Սուրբ Սարգիս եկեղեցում էր՝ պատարագի էր մասնակցում, այսօր պատրաստվում է այցելել Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի գերեզմանին: Ազատության հրապարակում քվեարկության դրեց ինչ-որ դրույթներ, որոնց մեջ նաեւ Սահմանադրական դատարան դիմելու առաջարկը, ժողովուրդը կարծես մերժեց այդ գաղափարը, բայց, այնուամենայնիվ, դիմեցին: Մի խոսքով՝ անկանոն, քաոսային ինչ-որ բան կա այս շարժման մեջ»: «Մի երկրում, որտեղ իշխանությունն իր կարգավիճակը պահպանելու համար պատրաստ է ամեն քայլի՝ սկսած ընտրակեղծիքներից մինչեւ Մարտի 1, բարդ է գտնել ոսկե այն միջինը, որտեղ դու եւ ժողովրդավար երեւաս, եւ վճռական, եւ միջազգային հանրության համակրանքը շահես, եւ սեփական ժողովրդիդ համակրանքը չկորցնես», - եզրակացնում է թերթը:

«Ժամանակ» օրաթերթն անդրադառնում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը. - «Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ բավականաչափ բացասական գնահատականներ ու մտահոգություններ է առաջացրել այն շրջանակներում, որոնք որոշակի հույսեր են կապել նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ժողովրդական շարժման հետ: Եվ այդ մտահոգությունները ավելի քան պարզ են ու հասկանալի: Ի վերջո, կա ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցության օրինակը, երբ երկու ուժերը համատեղ ջանքերով հասարակությանը հույսեր էին տալիս, իսկ վերջին պահին պարզապես հետ քաշվեցին նախագահական պայքարից եւ հասարակությանը թողեցին ձեռնունայն, ինչի գլխավոր նախաձեռնողը ԲՀԿ-ն էր»:

«Առանց հույսի» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ն ընդհանրացնում է. - «Այսպիսով կարելի է արձանագրել, որ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Հովհաննիսյանի նախաձեռնած հետընտրական պայքարի մարտավարության մեջ ինչ-որ «հստակություն» է նշմարվում: Փետրվարի 18-ից մինչեւ երեկ ակնհայտ էր «Ժառանգության» ղեկավարի խոսքի եւ գործի անորոշությունն ու անհստակությունը, ինչը թերեւս տանջում էր նաեւ հենց իրեն` «Բարեւի հեղափոխության» առաջնորդին: Ահա եւ երեկ նա որոշեց «բարեւել» ՍԴ-ին, այսինքն` երկրի նախագահին հրապարակ հրավիրելու եւ նրանից իշխանություն ստանալու անտրամաբանական պահանջներից բացի, Հովհաննիսյանը ցանկություն ունի նաեւ «համազգային տագնապին լուծում տալ» իրավական ճանապարհով: Առնվազն տարօրինակ էր, սակայն, հայցի ներկայացումը հրապարակային շոուի վերածելու «Ժառանգության» ձգտումը, ինչը աղմուկի եւ գունագեղության համապատասխան չափաբաժնով իրականացրին երեկ դատարանի դիմաց»:

«Ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի յուրաքանչյուր ընտրությունից հետո դատական ատյաններում անհույս հայցեր չներկայացնի», - գրում է «Օրակարգ»-ը եւ շարունակում. - «Նախեւառաջ՝ պետք է ինքնակազմակերպվի, պայքարի ոչ միայն քարոզարշավի շրջանում, ընտրությունների օրը եւ դրանից հետո, այլեւ ընտրություններին նախորդած մի քանի տարվա ընթացքում: Ընդդիմությունը պարտավոր է ընտրությունների ճիշտ արդյունքն ապահովող իր մեքենան ստեղծել՝ ընդդեմ իշխանության վարչաբյուրոկրատական մեքենայի եւ փողի: Ընդդիմությանը դրա համար ավելի շատ կազմակերպչական ունակություն է պետք: Եթե որեւէ ընդդիմություն չի կարողանում 6-10 հազար ազնիվ մարդու մոբիլիզացնել, ապա զուտ հռետորական հարց կարող է առաջ գալ՝ ինչպես է նա երկիր կառավարելու»:

Ուրվագծելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր ալիքի մոտալուտ վտանգը` «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը, ամփոփում է. - «Տրանսֆերտներից կախումը հիմա ոչ միայն չի թուլացել, այլ ավելի է մեծացել: Դրա ապացույցն այն է, որ Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալը հասել է նախաճգնաժամային մակարդակի, բայց մեր տնտեսությունը շարունակում է անկում ապրել: Մի խոսքով, Հայաստանի տնտեսության մեջ որակական որեւէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել: Ընդհակառակը` տնտեսությունն ավելի է կենտրոնացել մի քանի ընտանիքների ձեռքին, ինչը ավելի անմրցունակ ու հետեւաբար` ավելի խոցելի է դարձնում տնտեսությունը: Նախորդ ճգնաժամից հետո իշխանությունը միայն ճոռոմ-ճոռոմ ճառեր է գրել ու տարբեր առիթներով լացակումած տոնով արտահայտել: Այնպես որ մեզ մնում է միայն աղոթել, որ նոր ճգնաժամը մի քիչ ավելի մեղմ լինի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG