Մատչելիության հղումներ

Այսօր հայաստանյան շուկայում վաճառվող «Նեսթլե» ընկերության «Նեստոժեն» տեսակի մանկական սնունդն «անվտանգ է եւ երեխաների առողջության վրա որեւէ բացասական ազդեցություն ունենալ չի կարող»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն արեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը:

Փետրվարի 27-ին, հիշեցնենք, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում մահացած երկվորյակ քույրերը, ընտանիքի վարկածի համաձայն, թունավորվել էին «Նեստոժեն»-ից:

«Դեպքից անմիջապես հետո իրացման ցանցից նույն խմբաքանակից վերցվել է նմուշ, ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, եւ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կաթի փոշին, փոխարինիչը անվտանգ է ու որեւիցե բացասական ազդեցություն չի կարող ունենալ երեխաների առողջության վրա», - ասաց Պիպոյանը` հավելելով, որ փորձաքննության են ենթարկվել տարբեր խանութներից վերցված մի շարք նմուշներ:

Փորձաքննության են ենթարկվել են նաեւ նմուշներ այն դեղատնից, որտեղից երկվորյակների համար գնել էին մանկական սնունդը, եւ նույնպես որեւէ խնդիր չեն հայտնաբերել:

Պատրաստ չեն, սակայն, այն տուփի պարունակության փորձաքննության արդյունքները, որից պատրաստվել է երկվորյակների սնունդը: «Տեսականորեն է միայն հնարավոր, երբ մեկ տուփը խնդիր ունենա, իսկ մնացածները չունենան», - պնդեց Պիպոյանը:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ երկվորյակ քույրերի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է:
XS
SM
MD
LG