Մատչելիության հղումներ

Միջնորդները առաջիկա շաբաթներին կայցելեն տարածաշրջան


Ֆրանսիա, Փարիզ - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման, 2-ը սեպտեմբերի, 2013թ.

Ֆրանսիա, Փարիզ - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման, 2-ը սեպտեմբերի, 2013թ.

Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կիրակի օրը Փարիզում
հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Իեն
Քելլիի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ
Կասպշիկի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: Անդրադարձ է կատարվել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ եռանախագահների կողմից նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:

Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն է հրավիրել, որ Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների` համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամլո հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չհրապարակեց, այլեւ, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրեց քննարկված հարցերի հետ առնչություն չունեցող հաղորդագրություններ: Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները եւ հետո մտահոգություն հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ, նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նալբանդյանը վերստին շնորհակալություն է հայտնել համանախագահներին` կարեւոր եւ հետեւողական միջնորդական առաքելության համար, որի վկայությունն են նաեւ եռանախագահ երկրների ղեկավարների կողմից լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությունները:

Նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը համանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Նալբանդյանի, ինչպես նաեւ մարտի 2-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ իրենց հանդիպումների արդյունքներով Մինսկի խմբի համանախագահները այսօր հաղորդագրություն են տարածել։

«Համանախագահները վերահաստատեցին իրենց մտահոգությունները դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիական թռիչքների եւ շփման գծում վերջին բռնությունների կապակցությամբ։ Նրանք քննարկեցին նաեւ հրադադարի ամրապնդմանն ուղղված գաղափարներ», - ասված է միջնորդների հաղորդագրությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում։

Համանախագահները հայտնում են, որ առաջիկա շաբաթներին այցելելու են տարածաշրջան՝ «հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն միտված հաջորդ քայլերը նախագահների հետ քննարկելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG