Մատչելիության հղումներ

Քաղաքացիական ակտիվիստները բողոքում են Օբամայի շնորհավորանքի դեմ


Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր ակցիա անցկացրեցին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ:

Իրենց հետ բերել էին նամակ՝ ուղղված ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնին, որտեղ, ինչպես հայտնեցին, արտահայտել են իրենց դիրքորոշումը վերջին ընտրությունների վերաբերյալ ու նշել, որ հիասթափված են, որ «ԱՄՆ-ի նախագահն ու պետքարտուղարը շնորհավորել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ հաշվի չառնելով քաղաքացիական հասարակության կարծիքն ու դիրքորոշումը»:

Ի տարբերություն նման մյուս ակցիաների, որոնք անցյալ շաբաթ տեղի ունեցան մի քանի այլ պետությունների դեսպանատների առջեւ, այստեղ ոստիկանությունը, թեեւ ներկա էր, բայց շղթա չէր կազմել պաշտպանելու ԱՄՆ-ի դեսպանատան շենքը ակցիայի մասնակիցներից, հրմշտոցներ չեղան, փոխադարձ վիրավորանքներ ոստիկանության ու ակցիայի մասնակիցների միջեւ չհնչեցին:

Երիտասարդները դեսպանատան առջեւ երկար չսպասեցին, քանի որ ակցիայի սկսվելուն պես դեսպանատնից դուրս եկավ ու նրանց դիմավորեց փոխդեսպանի պաշտոնակատար Ջեյմս Լենը:

«Ուրախ եմ ընդունել նամակը եւ այն կփոխանցեմ նաեւ դեսպանատան իմ գործընկերներին», -ասաց նա եւ միայն ակցիայի մասնակիցների ելույթները լսելուց հետո վերադարձավ դեսպանատուն:

Ելույթ ունեցողները քննադատում էին Միացյալ Նահանգներին, որ շնորհավորել է Հայաստանի նախագահին՝ «հանդիսանալով մի երկիր, որը ողջ աշխարհում պայքարում է ժողովրդավարության հաստատման համար»:

Ակցիայի մասնակիցներից Ծովինար Նազարյանը հիշեցրեց, որ 2012-ի հունիսին ԱՄՆ-ի դեսպանատան կողմից ինքը եւ շարք այլ ակտիվիստներ պարգեւատրվեցին «համընդհանուր իրավունքների մրցանակով», ասաց, որ այդ մրցանակը ստանալիս իրենց մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ԱՄՆ-ն գնահատում է ժողովրդավարության արժեքների ներդրման գործում քաղաքացիական հասարակության ներդրած ջանքերը։

«Մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը եւ չկիրառել երկակի ստանդարտներ՝ մի կողմից խրախուսելով ժողովրդավարացման գործընթացներին ներքեւներում, մյուս կողմից քաղաքական այսպիսի դիրքորոշման միջոցով ուղղակի խոչընդոտի քաղաքացիական հաստատման ձեւավորմանը Հայաստանում», - ասաց Ծովինար Նազարյանը:

Նա նաեւ ասաց, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ ասուլիսի ժամանակ տեղի ունեցած ակցիայից հետո դիտորդները սկսել են ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել իրենց հնչեցրած գնահատականներին:

Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով նույնպես արժանացել էր «Համընդհանուր իրավունքների» մրցանակին, նամակով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որտեղ նշել է, որ Օբաման «պատասխանատվություն է վերցրել ընտրական կեղծիքների համար՝ շնորհավորելով նրանց, ովքեր կեղծել են ընտրությունները եւ ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների ոտնահարման, համակարգված, կազմակերպված խախտումների, ժողովրդավարական արժեքների ոտնահարման եւ ոչնչացման համար»:

Սաքունցը ավելացրել է, որ ԱՄՆ-ի նախագահի պատասխանից ելնելով՝ հնարավորություն կունենա վերջնական որոշում կայացնելու՝ հրաժավե՞լ մրցանակից, թե՞ ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG