Մատչելիության հղումներ

ԱԺ-ում իշխանական եւ ընդդիմադիր ուժերը համաձայնության չեկան


Իշխող ՀՀԿ-ի խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ:

Իշխող ՀՀԿ-ի խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ:

Ազգային ժողովում այսօր անհաջողությամբ ավարտվեցին ընդդիմություն եւ իշխանություն բանակցությունները` միասնական օրակարգով արտահերթ նիստ գումարելու հարցում:

Կողմերից յուրաքանչյուրն անհաջողությունը պայմանավորում է դիմացինի դիրքորոշմամբ:

«Մեծամասնությունն այս օրակարգին դեմ է: Ինքը որեւէ օրակարգ չի առաջարկել, չնայած ինքն է նախաձեռնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հակադրեց իր տեսակետը. - «Առաջարկություններ ներկայացվեց, որը, ըստ իս, անհեթեթ էր»:

Սահակյանի փոխանցմամբ, «Ժառանգություն»-ը քննարկումներում ծայրահեղ դիրքորոշում էր որդեգրել. - «Մենք ասում ենք` բերեք քննարկումներ անենք. Ընտրական օրենսգիրք, սահմանադրական բարեփոխումներ, հանձնաժողով կազմենք, սկսենք այդ գործընթացը: Դրանք լուրջ խնդիրների են, որոնք պիտի քննարկվեն… Ոչ [ասում են ընդդիմադիրները] , այս պահին պիտի համաձայնվեք, որ այդպես պիտի լինի: Մենք չենք որոշողը. դա քննարկումների արդյունքը պիտի որոշի»:

Հետընտրական իրավիճակը քննարկելու առաջարկությունը, հիշեցնենք, Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանինն էր (ՀՀԿ): Ընդդիմադիր «ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները երեք կետանոց օրակարգ էին ներկայացրել` մեկ տարվա ընթացքում անցկացնել Ազգային ժողովի նոր ընտրություններ, խորհրդարանական կառավարմանն անցնելու նպատակով սահմանադրական բարեփոխումներ իրականացնել առաջիկա 2 տարվա ընթացքում, վերահսկողական գործառույթներ տրամադրել ընդդիմությանը:

Իշխող Հանրապետականը կտրականապես դեմ է եղել հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող առաջարկին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքով, ներկայացված առաջարկությունները որոշակիորեն կապ ունեն Սերժ Սարգսյան - Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը հնչեցվածի հետ. - «Սերժ Սարգսյանը մերժել է երեք կետերը: Շատ բնական է, որ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է հենց մաքսիմում կետին, որը ճիշտ է` որ իսկապես Րաֆֆի Հովհաննիսյանն է ընտրվել նախագահ»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե կարելի էր փոխզիջման հասնել. - «Դժբախտաբար, դիրքերը մնացին անհամատեղելի: Հիմնականում, իհարկե, Հանրապետականները արտահերթ խորհրդարանական ընտրություններին էին դեմ եւ դա անընդունելի էին համարում: Մյուս հարցերով բանակցել, ինչ-որ համաձայնության հասնելը հնարավոր են համարում` եթե չի պնդվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը»:

Սակայն «Ժառանգություն»-ը, Ռուստամյանի փոխանցմամբ, պնդում է այդ պահանջը. - «Մեր տեսակետով` կարելի էր այդտեղ գտնել լուծում, որովհետեւ եթե իսկապես համակարգը փոխվում է, խորհրդարանական համակարգի ենք անցնում, այդ վիճակով անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ` շատ ավելի տրամաբանական է»:

Ռուբեն Հակոբյանը, մինչդեռ, չբացառեց, որ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը նույն օրակարգով ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնեն:

Ռուստամյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ՀՅԴ-ն կմիանա այդ նախաձեռնությանը:

«Բարգավաճ Հայաստան»-ը հարցը դեռ չի քննարկել, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, արտահերթ նիստ հրավիրելու հարցում խնդիր չեն տեսնում. - «Նաեւ մեծամասնությունը պիտի շահագրգիռ լինի, որ բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ այսօր չկարողացան գալ կոմպրոմիսի, բաց, հրապարակային քննարկվի արտահերթ նիստում»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով, թեեւ իրենք ստեղծված իրավիճակին «ոչ ադեկվատ» են համարում «Ժառանգության» առաջարկները, արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ տեսակետը «կարելի է հարգել» ու միանալ դրան: Վերջնական որոշումը կընդունվի խմբակցության նիստում:

Հարցին, թե ընդդիմության` արտահերթ նիստ նախաձեռնելու դեպքում ինչպիսի դիրքորոշում կունենա խորհրդարանական իշխող ուժը, Գալուստ Սահակյանը պատասախանեց. - «Եթե կկարողանա հաղթահարել, մենք մեր տեսակետը կասենք նաեւ արտահերթի ժամանակ… Կկարողանա՞ն հաղթահարել, արտահերթ նիստ հրավիրել: Կարծում եմ, կմասնակցենք, նույն արգումենտները կասենք, նորից լարվածություն կստեղծվի հասարակության մեջ, մեր «ոչ»-ը կասենք… Հետո՞ ինչ է լինելու: Երբ հարցնում ես` հետոն չգիտեն: Երբ կպարզեն, թե հետո իրենք ինչ են ուզում, այդ ժամանակ էլ կքննարկենք»:
XS
SM
MD
LG