Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով Սերժ Սարգսյանին հրավիրել է Ազատության հրապարակ


Հայաստան –– Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը իր հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, Երեւան, 21–ը փետրվարի, 2013թ.
Հայաստան –– Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը իր հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, Երեւան, 21–ը փետրվարի, 2013թ.
Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ վաղը նրան հրավիրելով Ազատության հրապարակ, հանրահավաքի ժամանակ ցուցարարների առջեւ «հանրային հաշվետվություն» տալու։ «Ազատություն» ռադիոկայանին այս մասին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնավորումն այն է, որ քանի որ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանից չի ստացել որեւէ առաջարկ` լուծելու ժողովրդի պահանջը, նախագահը պետք է հրապարակ գա, ճանաչի ժողովրդի հաղթանակը եւ հրաժարական տա` իր բնորոշմամբ՝ համազգային տագնապը չխորացնելու համար:

Խուրշուդյանից տեղեկացանք, որ Հովհաննիսյանը հաշվետվության համար հրապարակ է հրավիրել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ, մայիսին կայանալիք ավագանու ընտրություններում կրկին առաջադրվող Տարոն Մարգարյանին:

Վարչապետից «Ժառանգության» առաջնորդը պահանջում է պատասխան տալ աղքատության, անգործության, անարդարության, արտագաղթի, մենաշնորհների, փոքր եւ միջին, ընտանեկան բիզնեսները խեղդելու, բնությունը խեղելու համար: Իսկ Տարոն Մարգարյանը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, պետք է այլեւս չհավակնի քաղաքապետի աթոռին, քանի որ ընտրախախտումներ ապահովելով «հեգնել է ժողովրդի կամքը»:

Իշխող Հանրապետական կուսակցությունը «հնարք» է որակում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն ու իշխանության ներկայացուցիչներին հրապարակ հրավիրելու՝ «Ժառանգության» առաջնորդի քայլը:

ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե առհասարակ ընտրված նախագահն է հրավիրում, եւ երբ պետք է լինում, Սերժ Սարգսյանն ինքն է որոշում ուր գնալ. - «Մի կողմից դու հրավիրում ես, ըստ քեզ «չընտրված» նախագահին հրաժարական տալ եւ միեւնույն ժամանակ վիճարկում ես քո կարծիքը` դիմելով Սահմանադրական դատարան: Մի քիչ անհարմար վիճակ է ստեղծվում հենց մեր հարգարժան ընդդիմադիր գործընկերոջ համար: Քաղաքական հնարք է, ավելի շատ ինքն իր մեջ քաղաքական բլեֆ է: Պարոն Հովհաննիսյանը խնդիր ունի իր էլեկտորատը հնարավորինս տաք եվ կայուն պահել, որովհետեւ չեմ կարծում, որ ինքն իր մեջ որոշել է, թե հետո ինչ է անելու… Ես կարծում եմ, որ ճանապարհը մեկն է. պետք է լինել կառուցողական ընդդիմադիր, գործել կառուցողական դաշտում։

Փաստն այն է, որ իշխանություններին հաջողվեց կազմակերպել ժողովրդավարական աննախադեպ ընտրություններ: Նման բարձր որակի ընտրությունների դեպքում ընդդիմությունը պետք է շնորհավորի: Հակառակ տրամաբանությամբ, ցանկացած ընտրություններից հետո մենք կհայտնվենք փակուղային իրավիճակում: Անկախ անձերից, ով երկրորդ կամ երրորդ տեղը գրավի կամ հավաքի 100 հազարից ավելի ձայն, կարող է ասել, որ ինքը չի հավատում արդյունքներին, ինքը հաղթել է։

Փաստեր չկան. Եթե նախկին ընտրություններում պարտված թեկնածուները մի քանի փաստ էին գոնե ներկայացնում, թեկուզ, ըստ ինձ՝ չհիմնավորված, բայց հիմա մեկ փաստ էլ չեն կարողանում ներկայացնել»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից այսօր Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին, որով թեկնածուն պահանջում է «վավերացնել եւ ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը», Էդուարդ Շարմազանովը դրական համարեց խնդիրն իրավական դաշտ տեղափոխելը, երբ Ժառանգության թիմը «արդեն պետք է ոչ թե էմոցիոնալ գնահատականներ տա, այլ դատարանին կոնկրետ ապացույցներ ներկայացնի». – «Սահմանադրական դատարանում արդեն փաստերով պետք է խոսենք, սա կապրիզ չէ, սա պետություն է, քաղաքականություն է, լուրջ գործընթացներ են… Ես իմ երկրի քաղաքացին եմ, եւ ես կարծում եմ, որ իմ երկրի Սահմանադրական դատարանի որոշմանը պետք է բոլորը խելոք ենթարկվեն: Այլ ճանապարհ չկա»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ իսկ անկողմնակալ կլինի այդ որոշումը, Շարմազանովը պատասխանեց՝ այո եւ մեկնաբանեց. – «Եթե այդ տրամաբանությամբ գնանք, դիտորդները կողմնակալ են, ԿԸՀ-ն կողմնակալ է, հանձնաժողովների «Ժառանգության» անդամները կողմնակալ են… Հանձնաժողովների չստորագրված արձանագրություններ չեն եղել, բացեք նայեք»:

Այս գործընթացներին զուգահեռ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է տարբեր քաղաքական ուժերի հետ։ Շաբաթ օրը նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությանն էր հանդիպել Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այնուհետեւ՝ Դաշնակցությանն ու «Սարդարապատ» միավորմանը։

Փորձեցինք ճշտել՝ Հանրապետականը վրդովված չէ՞ «Բարգավաճ Հայաստանի» հետ հանդիպումից։

«Ոչ, դա իրենց ներքին խնդիրն է: Առաջին անգամը չէ, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր քաղաքական առաջնորդների հետ հանդիպում են: Ես այդտեղ արտառոց բան չեմ տեսնում, մանավանդ, որ արդյունքների մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեր գործընկերները չեն մեկնաբանել», – պատասխանեց Շարմազանովը։

ԲՀԿ-ն շարունակում է փակ հանդիպման վերաբերյալ մանրամասներ չհրապարակել: Մեր հարցին, թե առաջիկայում որեւէ այլ հանդիպում նախատեսվում է, եւ հնարավո՞ր է շուտով «Բարգավաճ Հայաստանն» էլ միանա շարժմանը, կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ ինքը կանխատեսումներով չի զբաղվում:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելու եւ իշխանության ներկայացուցիչներին Ազատության հրապարակ հրավիրելու` Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին, Ուրիխանյանն ասաց. - «Հանգիստ եմ վերաբերվում, առանց նյարդայնանալու, առանց մտահոգվելու, հասկանալով, որ այն կարող է ինչ-որ կերպ արտահայտել շահագրգիռ զանգվածի դիրքորոշում, ժողովրդի որոշակի հատվածի դիրքորոշում, եվ ինչ-որ կերպ նաեւ կարող է իրենց ընդհանուր գործողությունների պլանում դառնալ մի ուշագրավ դրվագ»:

Ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ հանդիպում առայժմ ծրագրված չէ, ինչպես տեղեկացանք ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից: Կոնգրեսը դեռ չի մեկնաբանում իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG