Մատչելիության հղումներ

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները ՍԴ–ից պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները եւ «արձանագրել ընտրությունների իրական արդյունքները»:

Այսօր ժամը 17։30-ին դիմումը ՍԴ ներկայացրեցին Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը։

Կարեն Մեժլումյանը Սահմանադրական դատարանի շենքի դիմաց հավաքված լրագրողներին տեղեկացրեց, որ դիմումը ընդունվել է դատարանի կողմից եւ այն պետք է քննարկվի տասնաօրյա ժամկետում: Սահմանադրական դատարանի կանոնակարգի 19-րդ հոդվածի հիման վրա դիմումների նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո։

«Մենք գտնում ենք, որ իրավական հիմքեր առկա են, մնացածը՝ ինչպես դատարանը որոշի», - հայտարարեց իրավախորհրդատուն՝ հայտարարելով, որ բազմաթիվ հիմքեր են ներկայացրել՝ «սկսած ընտրակեղծիքներից, վերջացրած իրավական հիմնավորումներով»։

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին դիմեցինք, թե ի՞նչ կարող է ասել այն քննադատության առնչությամբ, որ իզուր է ՍԴ դիմելը, քանի որ նախորդ նախագահական ընտրություններին ընդդիմադիր թեկնածուները դիմել են ՍԴ, բայց այն միշտ մերժել է բավարարել բողոքը:

«Քանի որ կան բոլոր իրավական հիմքերը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարել է, որ նա իրավական ճանապարհով է պայքարելու, քաղաքական ճանապարհին զուգորդվող ուղի է սա։ Սա չի փոխարինում քաղաքական պայքարին, բնականաբար, բայց սա նաեւ հնարավորություն է Սահմանադրական դատարանի համար որպես ինստիտուտի՝ կայանալու, եւ նաեւ Սահմանադրական դատարանի անդամների համար, որպեսզի մաքրեն իրենց վրայից այն նախորդ անգամների լեգիտիմացումը կեղծված ընտրությունները, որը իրենց վրա մինչեւ օրս մնացել է», – պատասխանեց Հովսեփ Խուրշուդյանը։

Ի դեպ, Ոստիկանությունը արգելեց «Ժառանգության» համակիրներին մոտենալ ՍԴ շենքին` պատճառաբանելով, թե նրանք «հնարավոր է խանգարեն ՍԴ բնականոն աշխատանքները»:
XS
SM
MD
LG