Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ ուժերը կկիրառվեն, եթե պետության ինքնիշխանությանը վտանգ սպառնա


ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում, սեպտեմբեր, 2012թ.
ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում, սեպտեմբեր, 2012թ.

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը այդպես մեկնաբանեց Ռուսաստանի ռազմական ղեկավարների հայտարարությունները։

Անցած ամսվա վերջին խոսելով երկրի ռազմական գերատեսչության 2013 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել էր երկրի զինված ուժերի օդային դեսանտային զորքերը վերածել արագ արձագանքման ուժերի:

«Մարտական գործողություններ կատարելիս զորքերի օպերատիվությունը բարձրացնելու նպատակով ճգնաժամային իրավիճակների դեպքում նախատեսել օդային դեսանտային զորքերի կիրառումը որպես արագ արձագանքման ուժեր», - ասել էր Շոյգուն։

Արդեն մանրամասնելով այս հայտարարությունը` Ռուսաստանի օդային դեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովը անցած ուրբաթ օրը ասել է, որ անհրաժեշտության դեպքում օդային դեսանտային զորքերը որպես արագ արձագանքման ուժեր մարտական խնդիրներ կատարելու համար կարող են ուղարկվել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս, մասնավորապես` Հարավային Օսիա, Աբխազիա եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներ։

«Այն խնդիրների հետ մեկտեղ, որոնք կարող են ծագել Ռուսաստանի տարածքում, կան որոշակի պահեր` կապված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնիշխանության` մեր կողմից ճանաչման հետ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի գործընկեր պետությունների հետ մեր հարաբերությունների շրջանակներում դաշնակցային պարտավորությունները», - «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Շամանովը` մանրամասնելով. - «Դա Հայաստանն է, դա Տաջիկստանն է, դա Ղրղըզստանն է»։

Ռուսական բանակի գեներալի այս հայտարարության մասին խոսվեց նաեւ շաբաթ օրը Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքում: Հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը իր խոսքում նշեց, թե այս ձեւով իշխանությունները ցանկանում են ժողովրդի վրա «դրսից տղա բերել»:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Շոյգուի եւ Շամանովի վերոհիշյալ հայտարարությունները նշանակում են, որ ռուսական կողմը որպես ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժեր տրամադրելու է օդային դեսանտային ուժերը: Այսպիսի ուժեր ունեն ՀԱՊԿ-ի բոլոր երկրները, եւ դրանք կարող են կիրառվել միայն ռազմական նպատակներով:

«Շամանովը ընդամենը մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի արդեն գոյություն ունեցող արագ արձագանքման ուժերի կիրառման հոդվածը, որով ՀԱՊԿ-ի ամեն մի երկիր խումբ է տրամադրում ընդհանուր արագ արձագանքման ուժերի համար։ Ռուսաստանը տրամադրել է օդային դեսանտային ուժերը, որի հրամանատարը Շամանովն է, այստեղ ուրիշ ոչինչ պետք չէ փնտրել», - ընդգծեց Հովհաննիսյանը։

Իսկ ճգնաժամային իրավիճակները, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակի, «առաջին հերթին պետության ինքնիշխանությանը եւ պետականությանը վտանգ սպառնալու դեպքերն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG