Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է այսօր դիմել Սահմանադրական դատարան։

Կուսակցության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սահմանադրական դատարան ներկայացվող հայցով թեկնածուն պահանջում է «վավերացնել եւ ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը»:

Սահմանադրական դատարան դիմումը կներկայացվի այսօր ժամը 17։30-ին, որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները հենց դատարանի առջեւ հանդես կգան մամուլի ասուլիսով: Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ դատարանը հայցը պետք է քննի եւ իր որոշումը կայացնի դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ վաղը նրան հրավիրելով Ազատության հրապարակ հանրահավաքի ժամանակ հավաքվածների առջեւ «հանրային հաշվետվություն» տալու։ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնավորումն այն է, որ քանի որ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանից չի ստացել որեւէ առաջարկ` լուծելու ժողովրդի պահանջը, նախագահը պետք է հրապարակ գա, ճանաչի ժողովրդի հաղթանակը եւ հրաժարական տա՝ իր բնորոշմամբ համազգային տագնապը չխորացնելու համար:

Հովհաննիսյանը հաշվետվություն տալու համար հրապարակ է հրավիրել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ, մայիսին կայանալիք ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին:

Հանրապետական կուսակցությունը «անլուրջ» է որակում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն ու իշխանության ներկայացուցիչներին հրապարակ հրավիրելու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը:

«Միգուցե ինքը փոշմանի եւ նորից գնա հանդիպի ե՛ւ Տարոն Մարգարյանին, ե՛ւ վարչապետին, ե՛ւ նախագահին, եւ փորձի ինչ-որ ելք գտնի իրեն այս վիճակից հանելու առումով։ Որովհետեւ ինքը գնում է մի ճանապարհով, որտեղ չկա որեւէ կոնկրետություն, չկա քայլերի հստակ հաջորդականություն, ծրագիր», - այսօր Հովհաննիսյանի հրավերների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, – «Պարապ է մնացել դրա համար է միտինգ անում, որովհետեւ քաղաքական այլ զբաղմունք ինքը չի ունենա»։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլին, իշխող խմբակցության քարտուղարը համոզմունք հայտնեց, որ ընդդիմադիր գործիչը փաստեր չունի ապացուցելու ընտրությունների կեղծված լինելը։ Հովհաննես Սահակյանը միաժամանակ կոչ է անում դատարան դիմելուց ի վեր լռություն պահպանել մինչ դատարանի վճիռը.- «Եկեք բոլորս պահպանենք այդ լռությունը եւ թողնենք Սահմանադրական դատարանը քննի, վերլուծի այդ փաստերը, եթե կան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG