Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ծրագրվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ստեղծել


Տեսարան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից

Տեսարան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից

Ակնկալվում է, որ Սեւրի կենտրոնի ֆինանսավորմանը կմասնակցեն Ֆրանսիայի կառավարությունը, Եվրոպական միությունը, Վատիկանը։

Փարիզամերձ Սեւր արվարձանում` Սեն գետի դիմաց վեր բարձրացող մարքիզ դը Պոմպադուրի նախկին դղյակը, ուր այժմ գտնվում է Մխիթարյան միաբանության «Սամվել Մուրադյան» դպրոցը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ վերածվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի` միջազգային մակարդակով։

Հուշահամալիրը ընդգրկելու է թանգարան, մարդկության դեմ ոճրի հետազոտական կենտրոն, գրադարան, մեդիատեկ, որտեղ կկազմակերպվեն գիտական, մշակութային ձեռնարկներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, համերգներ։

Համալիրը կհանդիսանա հայ համայնքի հանդիպումների եւ հավաքույթների վայր` հարմարավետ ու մեծ սրահներով, գրախանութներով եւ նույնիսկ հուշանվերների խանութներով։
«Սեւր - 2015» կոչվող այս ծրագրի հիմնաքարը խորհրդանշական կերպով կդրվի 2015 թվականի ապրիլի 24-ին։

Դեռ երեք տարի առաջ «Սամվել Մուրադյան» դպրոցի տնօրեն հայր Հարություն Պզտիկյանը ընդլայնել է Սեւրի դպրոցի գործունեությունը։ Օ-դը-Սենի շրջանային խորհրդի նախագահ, «Սամվել Մուրադյան» դպրոցի շրջանավարտ Պատրիկ Դեւեջյանը իր կողմից առաջարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հայկական հիշողության համալիր ստեղծել նույն այդ վայրում` վստահեցնելով, որ կօժանդակի այդ ծրագրին։

Հարություն Պզտիկյանի փոխանցմամբ, ծրագիրն իրականացնելու համար արդեն ձեւավորվել է չորս հոգուց բաղկացած հանձնախումբ, որը ստեղծելու է հիմնադրամ։ Այս հիմնադրամում, իր հերթին, ընդգրկված կլինեն ինչպես հայեր, այնպես էլ հայերին համակրող ֆրանսիացիներ։
Այս գործում ընդգրկվել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը` դեսպան Վիգեն Չիտեչյանի մասնակցությամբ։ Իր օգնությունն է խոստացել նաեւ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Հայր Հարություն Պզտիկյանը սկսել է հանդիպումներ իշխանությունների հետ։ Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանդիպել է շրջանի տարբեր քաղաքապետների հետ, այդ թվում` Սեւրի, «բոլորն էլ խանդավառվեցին այս գաղափարով»։

Նրա վկայությամբ` ակնկալվում է Սեւրի հուշահամալիրը դարձնել Ցեղասպանության ամենամեծ համալիրը եւ մշակութային կենտրոնը Սփյուռքում։

Կենտրոնի ֆինանսավորմանը, բացի ֆրանսիական կառավարությունից եւ Եվրոպական միությունից, պետք է մասնակցի նաեւ Վատիկանը, որը իր ներկայացուցչին ուղարկել էր Փարիզ` «Սեւր - 2015» ծրագրի շուրջ խորհրդակցելու համար։

«Վատիկանն էլ խանդավառ է այս գաղափարով, եւ շատ կարեւոր է Վատիկանի նեցուկը, որովհետեւ գիտենք, որ կաթոլիկները տասնյակ համալսարաններ ունեն աշխարհի չորս կողմը` Ամերիկայից մինչեւ Լիբանան, այդ համալսարանների պրոֆեսորները, դասախոսները կարող են իրենց գրություններով պաշտպանել Հայ դատը եւ ցեղասպանության դատապարտումը», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց հայր Հարություն Պզտիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG