Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի ներկայացուցիչը` ԺՀՄԻԳ-ի զեկույցի մասին


ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյան (ՀՀԿ)
ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյան (ՀՀԿ)
Հանրապետական կուսակցության ղեկավար անդամի համոզմամբ, ընտրողների շատ բարձր մասնակցությամբ տեղամասերում Սերժ Սարգսյանի օգտին տրված ձայները վճռորոշ չեն եղել:

«Եթե վերցնենք այդ ընտրական տեղամասերը եւ բազմապատկենք դրանցում եղած ընտրողների թվով, ու մի պահ պատկերացնենք, որ այդ ամբողջ ձայները մեր թեկնածուին չեն տվել, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին են նրանք ընտրել, միեւնույն է, վերջնական պատկերը չի փոխվի», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը հայտարարեց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը:

Պատգամավորը նկատի ունի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` շաբաթ օրը հրապարակած հերթական միջանկյալ զեկույցը, որում մտահոգություն է արտահայտված, թե կապ կա ընտրատեղամասերում մասնակցության բարձր ցուցանիշի եւ գործող նախագահի ձայների մեծ քանակի միջեւ:

«144 տեղամասերում մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը, ինչը կարծես անհավանական բարձր թիվ է: 155 ընտրատեղամասերում գործող նախագահը ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը», - ասված է, մասնավորապես, զեկույցում:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ստյոպա Սաֆարյանը վկայաբերեց «մաթեմատիկոսների տարբեր խմբերի հաշվարկները», որոնք ցույց են տալիս, որ նշված տեղամասերի արդյունքները չեղյալ համարելու դեպքում «հաղթող է ճանաչվում Րաֆֆի Հովհաննիսյանը»:

Հարցին, թե ինչպես կարող են մեկ համայնքի, մեկ գյուղի գրեթե բոլոր ընտրողները քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին, Դավթյանն արձագանքեց. - «Փոքր համայնքում, որտեղ ամենօրյա շփումներ են, շատ դեպքերում նաեւ` իրար բարեկամներ, ազգակցական կապերով ու հազար ու մի կապերով իրար հետ կապված են, համենայն դեպս այդ մարդիկ զրուցում-խոսում են ընտրությունների մասին, եւ, բնական է, որ այդ համայնքը նույնատիպ վերաբերմունք է արտահայտում այս կամ այն թեկնածուին»:

«Ժառանգության» ներկայացուցչի համար նման մեկնաբանությունն անհասկանալի էր: Նա հիշեցրեց մի դեպք, որը տեղի էր ունեցել Նոր Նորքի ընտրատեղամասերից մեկում, որտեղ քվեարկում էին նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի սաները:

«Հանձնաժողովի նախագահն ասում էր` պարոն Սաֆարյան, դե Դուք գիտեք, թե այստեղ ովքեր են քվեարկում: Ասում էի` ովքե՞ր են քվեարկում: Ասում էր` զինվորները, կուրսանտները: Հիմա դուք որտեղի՞ց գիտեք, որ փոքր համայնքներում բացառապես իշխանության թեկնածուի ընտրողներ են բնակվում: Եվ հանկարծ այդ տեղամասերում, ներողություն բառի համար` գետտոներ են, որտեղ բացարձակապես այլ միջավայր է, բացարձակապես այլ քարոզչություն է: Եվ դրա համար ես ասում եմ` իրականության մեջ պատկերը միանգամայն այլ է»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության նշված զեկույցի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության կարծիքը ավելի վաղ հնչեցրել էր կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` նշելով, թե զեկույցն «ավելի օբյեկտիվ է» եւ «էական ճշգրտումներ» է պարունակում նախորդի համեմատ:

Արտակ Դավթյանն այսօր հիշեցրեց, որ նույն զեկույցը արձանագրել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու կազմակերպված, եւ շարունակեց - «Լավ կազմակերպված լինելը ամենեւին չի նշանակում, որ թերություններ կամ խախտումներ չեն եղել… «Եթե»-ներով եթե գնանք ու ասենք` եթե այս թեկնածուները չլինեին, ուրիշ թեկնածուներ լինեին… Արդեն կատարված փաստ է, եւ ընտրությունների արդյունքում մենք ունենա այն, ինչ ունենք»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ կարող է փոխել ԺՀՄԻԳ-ի այս զեկույցը, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, թե մեկ ամիս անց այլեւս չենք կարող միջազգային դիտորդներին մեղադրել, թե անաչառ չեն եղել:

Սաֆարյանի կարծիքով, շատ ավելի կարեւոր հետեւանք ունեցավ ընտրություններին հաջորդող զեկույցը, որը հիմք դարձավ եվրոպական շատ երկրների ղեկավարների համար Սերժ Սարգսյանին շնորհավորելիս. - «Ուշադրություն դարձրեք` գրեթե բոլորը իրենց շնորհավորական նամակներում նշել են` մենք համաձայն ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: Այսինքն` ԺՀՄԻԳ-ի կարծիքը այդ պահին եղել է դա, դրա հետ են համաձայնել: Բայց իրականում, վերջնականը լինելու է օբյեկտիվ, եւ ստացվելու է, որ այդ նախագահները շատ օբյեկտիվ բան են ասել` համաձայնել են անաչառության եւ բարձրագույն ճշմարտության հետ»:
XS
SM
MD
LG