Մատչելիության հղումներ

Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի միջոցառումներ ԱՄՆ-ում, ՄԹ-ում, Չեխիայում


Մեծ Բրիտանիա - Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումը Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում, 3-ը մարտի, 2013թ.

Մեծ Բրիտանիա - Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումը Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում, 3-ը մարտի, 2013թ.

Երեկ Վաշինգտոնի Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ եւ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հայաստանի դեսպանը եւ Ղարաբաղի ներկայացուցիչը իրենց ելույթներում, մասնավորապես, ընդգծել են Սումգայիթում եւ այլ բնակավայրերում հայերի դեմ իրականացված ոճրագործությունների ոգեկոչման արարողությունների կարեւորությունը Սփյուռքում, հատկապես` Ադրբեջանի կողմից սեփական պատմության վերանայման ուղղությամբ Վաշինգտոնում եւ այլ մայրաքաղաքներում սանձազերծած քարոզչության ֆոնին:

Նույն օրը բրիտանահայ համայնքային ուսանողական կազմակերպությունների ջանքերով Լոնդոնի հանրահայտ Թրաֆալգար հրապարակում կազմակերպվել է սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա: Ավելի քան երեք ժամ տեւած ակցիային ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ յոթ տասնյակ հայեր: Խաղաղ ցույցի ընթացքում պարզվել էին Հայաստանի ու Ղարաբաղի դրոշները, բողոքի պաստառներ: Ցույցի մասնակիցները նաեւ անցորդներին էին բաժանում սումգայիթյան ողբերգության մասին պատմող բրոշյուրներ:

Կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի բոլոր եկեղեցիներում տրվել է հոգեհանգստի պատարագ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Բողոքի այս ակցիայով Միացյալ Թագավորությունում մեկնարկ է տրվել Ղարաբաղյան շարժման ու սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնք կազմակերպվելու են ամբողջ մարտ ամսվա ընթացքում:

Անցած շաբաթ օրը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երկու հարյուրից ավելի չեխահայեր եւ չեխեր հանրահավաք-երթով հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը:

Երթը, որին մասնակցություն են բերել հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի սաներ, մեկնարկել է մարդաշատ Հանրապետության հրապարակում: Այնուհետեւ ցուցարարները, ծածանելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Չեխիայի պետական դրոշները, կրելով սումգայիթյան ոճրագործությունը եւ Ադրբեջանի հակահայ ռազմաշունչ քաղաքականությունը դատապարտող բազմաթիվ պաստառներ եւ Սումգայիթի ջարդերի զոհերի լուսանկարներ, շարժվել են դեպի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակ, ուր իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի բռնատիրական, ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականության դեմ: Շաբաթօրյա դպրոցի աշակերտներն անցորդներին ու հետաքրքրվողներին են բաժանել սումգայիթյան ջարդերին նվիրված հազարից ավելի տեղեկատվական նյութեր:

Երթը եզրափակվել է Սուրբ Եղիայի եկեղեցում, ուր ելույթ է ունեցել Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը:

«Սա ոչ միայն սգո եւ ոգեկոչման երթ էր, այլ նաեւ Չեխիայի հայ համայնքի միասնական ուժի դրսեւորման երթ», - ասել է, մասնավորապես, դեսպանը: - «Մեր միասնությունը հզոր պատասխան է Ադրբեջանին եւ իր կաշառված «բարեկամներին»: Հայաստանը եւ հայ ժողովուրդը պատերազմ չեն ուզում, Հայաստանի Հանրապետությունը ջանք չի խնայում հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի համապատասխան խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում: Բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում պաշտպանելու մեր Հայրենիքը, պարտավոր ենք հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը` ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով, երջանիկ ու արարիչ կյանքով ապրելու արցախցիների արդար իրավունքը»:

Այնուհետեւ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցել է հոգեհանգստյան կարգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG