Մատչելիության հղումներ

Հեղափոխական ուսանողների մասին ֆիլմ՝ Ազատության հրապարակում


Հանրահավաք Ազատության հրապարակում, արխիվ

Հանրահավաք Ազատության հրապարակում, արխիվ

Ակտիվիստ ուսանողներին դժվարությամբ հաջողվեց դիտել ֆիլմը։

Հեղափոխական ուսանողների շարժման մասին պատմող «Բերքլին 60-ականներին» ֆիլմը ակտիվիստ ուսանողները կիրակի երեկոյան դիտեցին Երեւանի Ազատության հրապարակում, ծալապատիկ տեղավորվելով գետնին` Սպենդիարյանի արձանի մոտ:

«Ֆիլմը լավ առումով հեղափոխական է ու կհեղափոխի յուրաքանչյուր ուսանողի, որը կցանկանա ինչ-որ մի փոփոխություն անել իր երկրում», - ասում էին նրանք։

1960-ական թվականներին ամերիկյան Բերքլիի համալսարանից սկիզբ առած ուսանողական հեղափոխության վերաբերյալ երկու ժամանոց ֆիլմը դիտելու փորձերը տեւեցին ավելի քան 30 րոպե: Ֆիլմի ցուցադրման հայտարարված ժամից շատ ավելի վաղ էին ներկայացել ոստիկանները, որոնք նկարահանում էին ներկաների դեմքերը՝ մեկ առ մեկ:

Ավելի ուշ, երբ արդեն հավաքվել էին ուսանողները, Ազատության հրապարակում էր Երեւանի քաղաքապետարանի կազմակերպատեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը: Նա ասում էր, թե ուսանողները ֆիլմի ցուցադրության թույլատվություն չունեն, եւ առաջարկեց ֆիլմը դիտել Օպերայի շենքի միջանցքում։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, սակայն, Բաղդասարյանը ասաց, թե որեւէ պայմանավորվածություն չունի Օպերայի տնօրինության հետ։ Ուսանողները, ի վերջո, եզրակացրեցին, որ պաշտոնյան պարզապես փորձում է կասեցնել հեղափոխական ֆիլմի ցուցադրումը:

«Ես տեսա հավաքված, հարցրեցի` ինչի մասին է խոսքը, ասեցին` «մենք միջոցառում ենք անցկացնում», - նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

«Միշտ էստեղ շրջո՞ւմ եք», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին նա արձագանքեց. - «Չէ, ես միշտ էստեղ չեմ շրջում»։

Բաղդասարյանը նաեւ զգուշացրեց, որ «միջոցառման մասնակիցները եթե 300-ից անցան, կազմակերպիչը պատասխանատվություն կկրի դրա համար` դա արդեն Վարչական իրավախախտումների մասին օրենքով»։

Ոստիկանները տեւական ժամանակ արգելում էին միացնել շարժիչը, անգամ փորձեցին ուսանողուհու ձեռքից խլել շարժիչին միացող լարը, սակայն չհաջողվեց:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում էր, թե հրապարակում Սպենդիարյանի արձանի պատվանդանի վրա ֆիլմ ցուցադրելն օրինական չէ: «Արձանների պահպանումը, օգտագործման կանոնների խախտումը։ Օգտագործում եք այս տարածքը», - ասաց Օսիպյանը, ինչին ակտիվիստները հակադարձեցին, որ դա հանրային տարածք է։

Կառավարական կարծրատիպերն անցյալում թողնելու մասին վկայող դրվագներով հարուստ ֆիլմի կապակցությամբ ոստիկանական վերաբերմունքը վերլուծում էին ակտիվիստները:

«Ֆիլմը ցույց է տալիս, թե ԱՄՆ-ում ուսանողները ոնց են ընդվզել անարդարության եւ անիրավչության դեմ, նաեւ ցուցադրում է, թե ոստիկանները ոնց են դրան միջամտում։ Փաստացի նույնը տեղի է ունենում մեր երկրում», - ասաց նրանցից մեկը։

«Վերջ ի վերջո, պայթյունները Հայաստանում առաջանում են եւ կառաջանան այս ոստիկանության նաեւ ապօրինությունների շնորհիվ», - հայտարարեց մեկ ուրիշը։
XS
SM
MD
LG