Մատչելիության հղումներ

Թուրքիայում քայլեր են ձեռնարկում Հոլիվուդում նկարահանվող «Ջենեքս» ֆիլմի դեմ


Արտապատկերում «Ջենեքս» ֆիլմի պաշտոնական կայքէջից
Արտապատկերում «Ջենեքս» ֆիլմի պաշտոնական կայքէջից

Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի հեղինակները, սակայն, պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին։

Թուրքիայում քայլեր են ձեռնարկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հոլիվուդում նկարահանվող ֆիլմի դեմ, որին ակնկալվում է մի շարք հանրահայտ աստղերի՝ այդ թվում Նաթալի Փորթմանի ու Արմանդ Ասանթիի մասնակցությունը:

Թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ, մասնավորապես, «Ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարի հիմնադրամը» սկսել է նամակներ ուղարկել հոլիվուդյան աստղերին՝ կոչ անելով նրանց հրաժարվել ֆիլմում նկարահանվելու գաղափարից: «Մենք նաեւ Հոլիվուդ ենք ուղարկել կատարվածի վերաբերյալ թուրքական կողմի տեսակետը ներկայացնող DVD-ներ ու փաստեր», - ասել է թուրքական կազմակերպության նախագահ Սավաշ Էջիլմեզը։

Հիշեցնենք՝ հայազգի ռեժիսոր Արտակ-Սեւադա Գրիգորյանը նախատեսում է այս տարվա նոյեմբերից արդեն սկսել Հայոց ցեղասպանության մասին «Ջենեքս» կոչվող ֆիլմի նկարահանումները, որոնք ակնկալվում է ավարտել 2014 թվականին, եւ արդեն 2015 թվականի ապրիլի 24-ին տեղի կունենա ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

«Սա ֆիլմ է՝ հիմնված միայն պատմական փաստերի վրա», - Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ավելի տված հարցազրույցում ասել էր ռեժիսորը:

«Գալու են շատ հայտնի ամերիկյան դերասաններ, որոնցից մեկ-երկուսի անունը կարող եմ թվել այսօր, քանի որ ունենք գրավոր համաձայնագիր` ուրեմն, Նաթալի Փորթմանն է եւ Արմանդ Սանթին` շատ աշխարհահռչակ հայտնի դերասաններ, որոնք, իրենց հերթին, բնականաբար, բերեցին արդեն իրենց հետ բոլոր ֆինանսական հնարավորությունները եւ նաեւ դիստրիբուցիայի շատ լայն հնարավորություն, որը տվյալ պարագայում մեծ, մեծ օգնություն է մեզ համար», - նշել էր Գրիգորյանը։

Թեեւ հեղինակները շատ մանրամասներ առայժմ չեն բացահայտում, այդուամենայնիվ, ֆիլմի պաշտոնական կայքում տեղադրված նյութերի համաձայն, սա մի պատմություն է երաժշտագետ Սալլիի մասին, ով երկարատեւ պայքարից ու դժվարին խոչընդոտներ հաղթահարելուց հետո ոչ միայն բացահայտում է հայկական խազերի բանալին, այլեւ սկսում դարի ամենամեծ դատը Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Ֆիլմի հեղինակները եւս հաստատում են, որ արդեն սկսել են նամակներ ստանալ թուրքական կողմից, թեեւ պնդում են, թե այս անգամ պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող թուրքական հիմնադրամը արշավ էր սկսել նաեւ աշխարհահռչակ Մել Գիբսոնի դեմ, երբ տեղեկություններ տարածվեցին, թե վերջինս պատրաստվում է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին։

«Մենք այժմ կանգնած ենք Թուրքիայի դեմ զրպարտչական նոր արշավի առջեւ, որն իր մակարդակով նման է «Կեսգիշերային էքսպրես»-ին, մենք պետք է շատ ուշադիր լինենք այս հարցում», - ավելի վաղ «Զաման»-ին ասել էր թուրքական հիմնադրամի նախագահ, պատմաբան Սավաշ Էջիլմեզը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG