Մատչելիության հղումներ

Միջազգային դիտորդները հերթական միջանկյալ զեկույցը հրապարակեցին


Միջազգային դիտորդները ներկայացնում են իրենց նախնական զեկույցը Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ, Երեւան, 19-ը փետրվարի, 2013թ.

Միջազգային դիտորդները ներկայացնում են իրենց նախնական զեկույցը Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ, Երեւան, 19-ը փետրվարի, 2013թ.

Այս փաստաթղթում արտացոլված են հետընտրական զարգացումները։

Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ կապ կա ընտրատեղամասերում մասնակցության բարձր ցուցանիշի եւ գործող նախագահի ձայների մեծ քանակի միջեւ, ինչը մտահոգություն է առաջացնում ընտրական ամբողջ գործընթացի նկատմամբ: Այս մասին գրում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը իր հերթական միջանկյալ զեկույցում, որը հրապարակվել է այսօր եւ ներկայացնում է հետընտրական շրջանը` փետրվարի 19-26-ը, նշելով, որ զեկույցը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոխորհրդարանի դիտորդների ընդհանուր հայտարարությունն է:

«1988 ընտրատեղամասերից 1746-ում գրանցվել է ավելի քան 300 ընտրող: 144 տեղամասերում մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը, ինչը կարծես անհավանական բարձր թիվ է: 155 ընտրատեղամասերում գործող նախագահը ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը», - ասված է, մասնավորապես, զեկույցում։

Փաստաթղթի համաձայն` կասկածի տեղիք է տալիս անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը, որը որոշ ընտրատեղամասերում գերազանցել է օգրագործված քվեաթերթիկների ընդհանուր թվի 20 տոկոսը:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այս զեկույցը նախորդի համեմատ էական ճշգրտումներով է:

«Ավելի օբյեկտիվ գնահատական է` համեմատած նախորդի, եւ իրոք նշվում է, որ այնպիսի մտահոգություններ, ինչպիսին է մասնակցության բարձր ցուցանիշներ, անհավանական բարձր` ինչպես իրենց մոտ նշված է, ապահոված տեղամասերում նաեւ Սերժ Սարգսյանի` գործող նախագահի բարձր ցուցանիշը», - ասաց Խուրշուդյանը` շարունակելով. - «Ըստ էության, մենք դա էլ հենց ասում էինք, որ հենց այսպիսի տեղամասերի հաշվին է, իսկ իրենք նշում են, որ դրանք հարյուրավորներ են, որ ապահովվել է ընտրությունների կեղծարարությունը»։

«Ցավոք սրտի, դիտորդական առաքելությունը ասում է Ա-ն եւ Բ ասելու փոխարեն թողնում է հետեւությունները ընթերցողներին։ Բայց, կարծում եմ, բավականին հստակ է ուղերձը, եւ հետեւությունները մենք կարող ենք անել», - ընդգծեց Խուրշուդյանը։

Ընդհանուր առմամբ զեկույցում նշվում է, որ փետրվարի 18-ի ընտրությունները լավ կազմակերպված են եղել, ընտրությունների օրն էլ խաղաղ ու կազմակերպված է անցել:

Խուրշուդյանի խոսքով, մինչդեռ, մենեջմենթի պահը չի խոսում բովանդակության մասին. - «Կարող է կազմակերպչական առումով մակարդակը լինի նորմալ, բայց կեղծիքների մատնանշումը ակնհայտ է դարձնում այն վերապահումները, որով մոտենում են իշխանությունների հավաստիացումների հանդեպ, թե ընտրությունները անց են կացվել օրինականության շրջանակներում»։

Նրա կարծիքով` «կազմակերպված», «խաղաղ» որակումները «տեխնիկական մասն են ցուցադրում, այսինքն` ծեծուջարդ չի եղել»։ «Ես ցավում եմ, որ դա մեր իշխանությունները ընդունում են որպես դրական, ինչ-որ, հատուկ ուշադրության արժանի դրույթներ, որովհետեւ ցանկացած նորմալ պետության մեջ, բնականաբար, ամեն անգամ պետք չէ, որ ծեծուջարդով ուղեկցվի ընտրությունը, ոնց որ մինչ այժմ եղել է Հայաստանում», - շեշտեց Խուրշուդյանը։

Միեւնույն ժամանակ, պետական կառավարման անկողմնակալության, վարչական ռեսուրսների կիրառման բացակայությունը, ինչպես նաեւ ընտրողների վրա ճնշում գործադրելը զեկույցը մտահոգիչ է համարում:

Փաստաթղթում խոսվում է նաեւ այն մասին, որ գործող նախագահի վստահված անձամբ կողմից անհարկի միջամտություն է եղել, ինչպես նաեւ արձանագրվել են որոշ լուրջ խախտումներ:

Զեկույցի առնչությամբ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Մենք վստահ ենք, որ եթե մենք եղած թերություններին չանդրադառնանք, չշտկենք, մենք իրական ժողովրդավարության եւս մի քայլ հետ կմնանք։ Եկեք անդրադառնանք, թե այդ տեղամասերում արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կամ մյուս թեկնածուները չունեի՞ն ներկայացուցիչներ։ Չէ որ նրանք մեծամասամբ ունեին ներկայացուցիչներ, եւ այդ ներկայացուցիչները ընթացքում որեւիցե դիտողություն չեն արել»։

Զեկույցում նշվում է նաեւ, որ արդյունքների վերահաշվարկի հայտերը 132 ընտրատեղամասերի համար մերժվել են: Գրեթե բոլոր հայտերը ներկայացվել են Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից:

Լրատվամիջոցների աշխատանքի մասին զեկույցում ասվում է, որ հետընտրական շրջանում քաղաքական իրադարձությունների լուսաբանումը ընտրողական, տեսակավորված է եղել, ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական կարծիքների սահմանափակման միտում է նկատվել:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մշտադիտարկվող բոլոր լրատվամիջոցները կանոնավոր կերպով լուսաբանել են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքներն ու երթերը, այնուամենայիվ, Հանրային, «Շանթ» ու «Արմենիա» հեռուստաընկերությունները բողոքի ցույցերը ներկայացրել են միայն ընդհանուր առմամբ, երբեմն էլ` մակերեսային, փոխարենը պարբերաբար հայտնել են, որ երթերը արտոնված չեն:

Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները` «Երկիր Մեդիա»-ից եւ «Կենտրոն»-ից բացի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ զեկույցը լուսաբանելիս հիմնականում դրական կողմերն են ներկայացրել, բաց թողել քննադատությունն ու թերությունները:

Այնուամենայնիվ, մի շարք առցանց լրատվամիջոցներ, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանն ու Հանրային ռադիոն կարծիքների բազմազանություն են ապահովել եւ ավելի հավասարակշռված են լուսաբանել, ասված է զեկույցում։

Զեկույցը ներկայացնում է նաեւ ամբողջ նախագահական ընտրությունների ընթացքը։ Նշված է, որ դրանք անցել են մեկ փուլով, եւ հաղթող է ճանաչվել Սերժ Սարգսյանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկել է արդյունքները` հայտարարելով, որ ինքն է հաղթել ընտրություններում: Փետրվարի 20-ից Հովհաննիսյանի Երեւանի եւ մարզային հանրահավաքներին միացել են որոշ ընդդիմադիր կուսակցություններ եւ քաղաքական գործիչներ։ Հավաքները խաղաղ բնույթի են եղել, առանց իշխանության միջամտության, այնուամենայնիվ` Ոստիկանությունը հայտնել է, որ դրանք անօրինական են եւ կարող են վարչական պատասխանատվության հանգեցնել, ասված է զեկույցում:

Ոստիկանությունը այսօր արձագանքել է միջազգային դիտորդների զեկույցին եւ պատասխան հայտարարությամբ հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. - «ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության պարտականությունը` հայտարարելու իրազեկում պահանջող, սակայն առանց իրազեկման անցկացվող հավաքների ժամանակ դրանց անօրինական լինելու եւ օրենքով նախատեսված պատասխանատվության մասին, շարունակելու է գործադրվել այնքան ժամանակ, քանի դեռ իրազեկում պահանջող հավաքներն անցկացվում են Հավաքների ազատության մասին օրենքի պահանջների խախտմամբ»:
XS
SM
MD
LG