Մատչելիության հղումներ

Այսօր կընտրվի «Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի մասնակցի երգը


Շաբաթ երեկոյան Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կորոշվի «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի երգը:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս անգամ երգի ընտրությունը կլինի այնպես, ինչպես եղավ Սիրուշոյի եւ Էմմիի դեպքում:

Քվեարկությունը տեղի կունենա 50/50 սկզբունքով, եւ երգը կընտրվի ժյուրիի եւ հեռուստադիոտողների քվեարկության արդյունքում: Հեռուստադիտողները 15 րոպեների ընթացքում sms-ների միջոցով կընտրեն այն երգը, որը, իրենց կարծիքով, «Եվրատեսիլ»-ում պետք է կատարի Դորիանսը: Ինչ վերաբերում է ժյուրիին, ապա դրա կազմը գաղտի է պահվում, հնարավոր է, որ երգը ընտրելուց հետո էլ հայտնի չդառնա:

Գոհար Գասպարյանը պատմեց, որ նախապես հայտարարված երգի մրցույթի արդյունքում 70-ից ավելի հայտեր են ստացել, եւ բոլորը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո են ընտրել այն 4 երգերը, որոնք էլ այսօր կդրվեն քվեարկության:

Հայաստանյան երգի ընտրությունը տեղի կունենա այսօր ժամը 21։30 Հանրային հեռուստատեսության եթերում: «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը ասաց, որ հաղորդման ընթացքում կերգեն նաեւ այս տարվա «Եվրատեսիլ»-ի Վրաստանի եւ Մալթայի մասնակիցները, ինչպես նաեւ «Մանկական Եվրատեսիլ»-ի Հայաստանի ներկայացուցիչները:

Այս տարի «Եվրատեսիլ»-ը կանցկացվի Շվեդիայի Մալմո քաղաքում` մայիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG