Մատչելիության հղումներ

logo-print

«Ասածս ներկայացրել են այնպես, ինչպես ձեռնտու է Հանրապետականի կաչաղակներին»


Ռուբեն Հախվերդյան, արխիվ

Ռուբեն Հախվերդյան, արխիվ

«Ժամանակին Ղարաբաղը հեռավոր ադրբեջանական գավառ էր, եւ ես դա ասելով փաստացի ոչ մի նորություն չեմ ասել», - հայտարարում է Ռուբեն Հախվերդյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երգիչ եւ երգահան Ռուբեն Հախվերդյանը պարզաբանեց, որ հունվարի 28-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր արտահայտած միտքը որոշ լրատվամիջոցներ այլ կերպ են ներկայացրել, ինչից էլ առաջացել է դրա շուրջ աղմուկը:

Երկու օր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված հանրահավաքում ելույթ ունենալով` Հախվերդյանը ասել էր. - «Ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանի հեռավոր գավառից եկած մարդը մեզ պետք է կառավարի», ինչ էլ բազմաթիվ խոսակցությունների եւ քննադատությունների պատճառ դարձավ:

Երգիչը իր ասածի արձագանքներին ծանոթ է եւ, ինչպես ինքն է ասում, արդեն հոգնել է բացատրել, թե ինչ նկատի ուներ դա ասելով: Այսօր տեղի ունենալիք հանրահավաքին նա կրկին մասնակցելու է, եւ հնարավոր է, որ ելույթ ունենա ու ներկայացնի իր ասածի իմաստը:

«Այսինքն, ոնց որ արտասահմանյան մեքենայի մեջ դնես սովետական մոտոր։ Ինչ որ սովորել են էն ժամանակ, նույն կոմսոմոլի քարտուղարները, որոնցից մենք գարշում էինք եւ նրանց դեմ էինք, էսօր իշխանության մեջ են եւ իշխանության գլուխ են կանգնած», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուբեն Հախվերդյանը` շարունակելով. - «Կոնտեքստից երբ որ հանում են մի նախադասություն ու առանձնացնում են, դա լրիվ ուրիշ իմաստ է ստանում։ Խոսքս սովետական Ղարաբաղի մասին էր, որը մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ: Իմ ասածը այն է, որ Սերժ Սարգսյանը եւ նրա յուրայինները աշխատել են Կեւորկովի համար, որը հայտնի էր իր հայատյացությամբ, եւ ի՞նչ պետք է սովորեին նրանից` միայն ուժային մեթոդներով ինչ-որ բաներ անել»։

«Ով որ չի հասկացել` դա իր պրոբլեմն է, իսկ ով որ հասկացել է` դա էլ իրենց պրոբլեմն է։ Ուրեմն, իրենք իմ ասածը չեն հասկացել, կամ իմ ասածը ներկայացված է էնպես, ինչպես ձեռնտու է Հանրապետական կուսակցությանը կամ նրանց «արծիվներին», որոնց ես կանվանեի ուղղակի կաչաղակներ, էդքան բան», - ընդգծեց նա եւ հավելեց. - «Երեսպաշտության դրսեւորումները, որ մենք տեսնում ենք Սերժ Սարգսյանին պաշտպանողների մեջ, ինչից արդեն նույնիսկ սիրտդ է խառնում, սրանք ասիական կեղտոտ ձեւեր են, եւ տպավորություն է` ոնց որ կոմունիզմը շարունակվում է մեր երկրում, հասկանո՞ւմ եք, կոմունիստական կարգերը շարունակվում են էս երկրում։ Հիմիկվա դիկտատուրան կանվանեի ժպտացող դիկտատուրա»։

Երգչի վերոհիշյալ արտահայտությունից հետո կարծիքներ հնչեցին, որ քաղաքական գործիչներին անվանարկելը կարող է սովորական դառնալ, եւ մի օր էլ նույն ձեւով մեկը Րաֆֆի Հովհաննիսյանին կարող է անվանարկել: Հախվերդյանի խոսքով` դրա համար պատճառներ են պետք:

«Ամեն դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանը մի մարդ է, որը գոնե կեղտոտված չի եւ գործարքի մեջ չի մտել ներկա մինիստրների, բիզնեսմենների հետ։ Դա է ինձ հետաքրքրում», - շեշտեց երգիչը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG