Մատչելիության հղումներ

Սիրիայում հայերի վիճակը շարունակում է տագնապալի մնալ


Երեւանից այս սննդամթերքն ուղարկվում է Սիրիա:
Երեւանից այս սննդամթերքն ուղարկվում է Սիրիա:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում օգնության կարիք ունի շուրջ 4 միլիոն մարդ: Հայաշատ Հալեպ քաղաքը չլքած հայերի շրջանում նույնպես աղքատություն է տիրում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հալեպում բնակվող Րաֆֆի Մերջանյանն ասաց, որ հացի խնդիրը դժվար է լուծվում: Նա շատերի պես տեւական ժամանակ է չի աշխատում: Ասում է, որ օրվա սնունդը մի կերպ են հայթայթում, ինչ էլ կա խանութներում՝ մի քանի անգամ թանկ է:

Րաֆֆին բավարար գումար չունի ընտանիքը Հալեպից դուրս բերելու համար, այդ պատճառով էլ մնացել է ռմբակոծությունների, պայթյունների ու կրակոցների կիզակետում: Եթե գումար լիներ, գոնե ժամանակավորապես ընտանիքը կհեռացներ Սիրիայից: Մեր զրույցի պահին եւս կրակոցներ եղան:

Րաֆֆին շատ հալեպահայերի պես օգնության դիմում է ներկայացրել սիրիահայության միացյալ արտակարգ իրավիճակների շտապօգնության մարմին, սպասում է օգնության հատկացմանը:

Սիրիահայությանն աջակցելու համար դեռեւս անցած ամռանից Հայ բարեգործական ընդհանուր միությունը հանգանակություն կազմակերպեց, ինչի արդյունքում հավաքվեց 1 միլիոն 800.000 դոլար:

Հենց այս գումարներով էլ անցած ամիսներին ՀԲԸՄ-ն օգնության արկղեր է հատկացրել 2700 հալեպահայ ընտանիքի:

Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Յորդիկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հալեպից բացի, օգնության արկղեր են բաժանել այլ քաղաքներում եւս՝ Դամասկոսում 250 ընտանիքի է տրամադրվել, Քամիշլիում՝ 550 ընտանիքի եւ այլն:

«Ամեն օր մեր կամավորները, երիտասարդական խմբերը գիշեր-ցերեկ աշխատում են, այդ արկղերը պատրաստում են: Նույնիսկ հեռավոր վայրերում, որտեղից մեր հայրենակիցները չեն կարողանում գալ եւ վերցնել, մեր երիտասարդներն իրենք են այդ օգնությունը հասցնում», - նշեց նա:

Սննդի բաշխումից զատ, միությունը նաեւ դեղորայք է հատկացնում, վճարում բժշկական ծախսերը, դեպքեր են եղել նաեւ, երբ փոխհատուցել են զոհված հայերի թաղման ծախսերը:

Յորդիկյանի տվյալներով, Հայ բարեգործական ընդհանուր միությունը շարունակելով մարդասիրական օգնության հատկացումը Սիրիայում, աջակցում է նաեւ Լիբանանում ու Հայաստանում հանգրվանած սիրիահայերին: Միությունը կրթաթոշակներ է հատկացրել Լիբանան տեղափոխված 100 ուսանողների, իսկ Հայաստան տեղափոխված 600 սիրիահայ ընտանիքի երկու ամիս շարունակ բնակարանային վարձ է հատկացրել՝ այդ նպատակի համար ծախսելով ընդհանուր առմամբ 60 միլիոն դրամ: Մոտ 600 ընտանիքի հատկացվել է նաեւ 20.000-ական դրամ օգնություն:

Սիրիահայությանն աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջիկա երեք ամիսներին Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով 200.000 ԱՄՆ դոլար կհատկացնի նրանց: Ավելի վաղ հիմնադրամը 100.000 դոլար եւ 50.000 եվրո էր հատկացրել Հալեպի հայկական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի վճարման համար:

Հիմնադրամի 2012-ի հեռուստամարաթոնի ընթացքում ստացվել էր ավելի քան 22 միլիոն դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։ Հիմնադրամը որոշել էր այս գումարի տասը տոկոսը հատկացնել սիրիահայության կարիքների լուծմանը:

Սիրիայում մնացած հայերին իր օգնության ձեռքը մեկնեց նաեւ անցած տարվա սեպտեմբերին Հայաստանում ստեղծված «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնությունը:

Նախաձեռնությունն այս տարեսկզբից 100-ական դոլար է հատկացրել Սիրիայում բնակվող 320 ընտանիքների, որոնց կազմում ոչ միայն հայեր են, այլեւ սիրիացիներ: Անցած տարվա սեպտեմբերից ի վեր այն 3 ինքնաթիռ սննդամթերք եւ դեղորայք է ուղարկել այդ երկիր: Համահայկական տարբեր կառույցները հայտարարում են, թե շարունակելու են օգնել սիրիահայերին ինչպես Սիրիայում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս:
XS
SM
MD
LG