Մատչելիության հղումներ

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսում մեկ առ մեկ հնչեցրեց 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների անունները:

«Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյան, Արմեն Ֆարմանյան, Տիգրան Աբգարյան, Հովհաննես Հովհաննիսյան, Զաքար Հովհաննիսյան, Սամվել Հարությունյան, Դավիթ Պետրոսյան, Նիկոլ Գեւորգյան, Համլետ Թադեւոսյան: Մարտի 1-ի մեր ազգային ողբերգության նահատակներն են», - ասաց նա` երդվելով, որ այլեւս երբեք հայրենի հողի վրա հայ մարդու արյունը չի հոսելու:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ պատասխան կտա նրանց, ովքեր իրեն քննադատում են Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու համար, Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. - «Վաղը կխոսեմ»:

Անդրադառնալով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու օրակարգի շուրջ իշխող ՀՀԿ-ի հետ «Ժառանգության» քննարկումներին` Հովհաննիսյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ինքն այդ քննարկումների հետ կապ չունի:

Այդ քննարկումներում, հիշեցնենք, «Ժառանգություն»-ը առաջադրել է երեք խնդիր` անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, մեկ տարվա ընթացքում խորհրդարանի նոր ընտրությունների անցկացումը եւ ընդդիմության վերահսկողական լծակների տրամադրումը:

Հովհաննիսյանի կարծիքով, խորհրդարանում «այլեւս որեւէ գործընթաց չկա», եւ այն մարդիկ, ովքեր կեղծեցին ընտրությունը անգամ չեն ուզում լուծում առաջարկել:

Արձագանքելով խորհրդարանի խոսնակի հայտարարությանը, թե իշխանությունը պատրաստ է «Ժառանգության» հետ քննարկել կադրային հարցեր, Հովհաննիսյանն ասաց, որ իր զրուցակիցը Հովիկ Աբրահամյանը չէ. - «Իմ միակ զրուցակիցը պարոն Սարգսյանն է: Եթե ինքը ասելիք ունի, կլսեմ»:

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը վաղը «խորհրդի կարգով» կրկին կքննարկեն ժողովրդի հետ, իսկ վերջնական որոշումը «Ժառանգության» առաջնորդը կկայացնի կիրակի երեկոյան:

Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հայտարարեց, որ ընտրակեղծիքները համատարած էին, որ ընտրատեղամասերում բռնությամբ լցոնումներ են եղել: Անդրադարձավ նաեւ այդ գործընթացներում կրթական հաստատությունների աշխատակիցների ու զինվորականների ներգրավմանը. - «Ուղղորդեցին մեր հպարտության աղբյուր զինվորներին բաց եւ կրկնակի քվեարկության: Ապացույցները շատ են, համատարած: Եվ որեւէ կասկած չունեմ, որ եթե դիմեցինք Սահմանադրական դատարան, եւ եթե Սահմանադրական դատարանը իսկապես դատարան է եւ ոչ թե կամագործիք, ինքը լեցուն ապացույցներ ունի վերջապես մի անգամ իր կենսագրության ընթացքում ճշմարտությունը ասել»:

Անդրադառնալով երեկվա հանրահավաքում Ռուբեն Հախվերդյանի` աղմուկ բարձրացրած հայտարարություններին` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե համաձայն չէ երգահանի հետ, բայց միաժամանակ հարգում է այդ քաղաքացու ազատ խոսքի իրավունքը:

Հախվերդյանը, մասնավորապես, Արցախն անվանել էր «հեռավոր ադրբեջանական գավառներից մեկը», ինչը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել սոցիալականա ցանցերում:

«Բայց ասում եմ նաեւ, այդ տեսակետին ծնունդ տված հակաժողովրդական, հակաիրավական երկարատեւ քաղաքականությունը նույնքան եւ ավելի դատապարտելի է, քան այդ ազատ խոսքի, թեկուզ սխալ խոսքի արտահայտումը: Դո’ւք մտածեց, թե ինչ եղավ մեր երկրում, որ նման տեսակետ կա», - հավելեց Հովհաննիսյանը:

Ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն ուղեկցողների հետ միասին ոտքով հասավ Մյասնիկյանի արձանի մոտ ու ծաղիկներ դրեց` ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG