Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ–ն Մարտի 1-ի հարցը իրավական տեսանկյունից փակված չի համարում


Հանրապետական կուսակցությունը Մարտի 1-ի հարցը քաղաքական տեսանկյունից փակված է համարում, իրավականից՝ ոչ, Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Իրավական տեսանկյունից փակված չի կարող լինել, մինչեւ բացահայտումներ չլինեն», – հայտարարեց Սահակյանը։

«Օրինաց երկիրը» հետեւողական է լինելու, որ երկիրն այլեւս չհայտնվի 5 տարի առաջվա իրավիճակում, ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

«Ցավակցում ենք, ողբում ենք, բայց այնուամենայնիվ նաեւ ուզում եմ այդ տոնի վրա շնորհավորել նաեւ ձեր եւ բոլորիս գարնան տոնը», – հավելեց Բիշարյանը։

Թեեւ Մարտի 1-ի սպանությունների որեւէ պատասխանատու մինչ այժմ պատժված չէ, Հեղինե Բիշարյանն ասաց՝ Մարտի 1-ի այլ մեղավորների չի ճանաչում, ասաց՝ ինքը ոչ դատախազ է, ոչ էլ դատավոր, մանավանդ որ մեղավորները, ըստ Բիշարյանի, արդեն պատժվել են։

«Գուցեեւ չի բավարարում, այն ինչ տեղի է ունեցել, կամ ովքեր որ դատապարտվել են, դրանով չեն լուծվել այն բոլոր դժգոհությունները, որոնք դեռեւս առկա են, սա մեկ այլ խնդիր է», – ասաց նա։

Դաշնակցությանն ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի համար տարօրինակ է՝ ինչպես կարող էր այս ժամանակակից դարում Մարտի 1-ը չբացահայտվել։

«Խնդիրն այն է, որ կասկածանքը, պահպանվելով, այս էջը մենք չենք կարողանում փակել, որովհետեւ անընդհատ այդ ծանր բեռը քաղաքական դաշտի, մեր երկրի, մեր ժողովրդի վրա է ծանրանում», - մեկնաբանեց Արմեն Ռուստամյանը։
XS
SM
MD
LG