Մատչելիության հղումներ

Հանրապետականը գոհ է Երեւանում ստացած ձայներից


Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է առաջարկել, որպեսզի Երեւանի ավագանու մայիսին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորի Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Կուսակցությունը որոշումը կայացրել է երեկ երեկոյան՝ Գործադիր մարմնի նիստում։

«Կուսակցության նախագահը առաջարկել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը։ Եղել է քննարկում եւ բոլորը դրական են արտահայտվել եւ համաձայնել են նախագահի կարծիքի հետ եւ առանց այլընտրանքային թեկնածուի միաձայն որոշվել է Տարոն Մարգարյանին հաստատել որպես ավագանու առաջին համար», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակի խոսքով, որոշման հիմք է ծառայել Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը վերջին տարիներին։

«Կուսակցությունը նախագահի գլխավորությամբ գոհ է պարոն Մարգարյանի իրականացրած աշխատանքներից», – նշեց նա։

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում Երեւանի որոշ համայնքներում, այդ թվում Ավանում, որտեղ Տարոն Մարգարյանը մեծ հեղինակություն է վայելում, առավելության է հասել Րաֆֆի Հովհաննիսյանը. պաշտոնական տվյալներով այս ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 15 հազար 752, Սերժ Սարգսյանը՝ 15 հազար 383 ձայն:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, սակայն, այս հանգամանքը չի անդրադարձել Տարոն Մարգարյանի առաջադրման վրա։

«Պարոն Մարգարյանը ոչ թե Ավանի թաղապետն է, այլ Երեւանի քաղաքապետն է եւ Երեւանի կուսակցական տարածքային կառույցի ղեկավարն է։ Երեւան քաղաքում մենք հաղթել ենք Րաֆֆի Հովհաննիսյանին շատ լուրջ տարբերությամբ», - մեկնաբանեց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ 2008-ի համեմատ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքում շուրջ 10 տոկոս ավելի ձայն է ստացել, - ««Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ Տարոն Մարգարյանն ունի դրական ռեյտինգ, եւ Երեւան մայրաքաղաքը կարիք ունի Տարոն Մարգարյանի նման արդյունավետ աշխատանք իրականացնող եւ ամենակարեւորը՝ իր քաղաքացիներին սիրող առաջնորդի»։

Երեկվա նիստում Հանրապետականն անդրադարձել է նաեւ նախագահական ընտրություններին, հանգելով եզրակացության, որ իշխանություններին հաջողվել է անցկացնել լավագույն ընտրությունները:

Օրերս մամուլում սկսեցին շրջանառվել տեղեկություններ, որ նախագահ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ փետրվարի 21-ին կայացած հանդիպմանը նրան առաջարկել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին առանց որեւէ երաշխիք տալու։ Էդուարդ Շարմազանովը, իրեն լիազորված չհամարելով փոխանցել այդ զրույցի մանրամասները, հայտնեց կուսակցության կարծիքը, այն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շնորհավորի Սերժ Սարգսյանին եւ առանց փաստերի հրապարակման կեղծված նախագահական ընտրությունների մասին էմոցիոնալ ելույթների փոխարեն հանդես գա «ողջամիտ» օրակարգով եւ առաջարկներով։

«Մենք բացառապես քաղաքական պայքարի կողմնակից ենք եւ գտնում ենք, որ խնդիրները լուծվելու են ոչ թե փողոցում, այլ քաղաքակիրթ ընտրությունների եւ քաղաքակիրթ պայքարի միջոցով։ Եթե դու ունես քաղաքական խմբակցություն, կամ դիմացդ նոր ընտրություններ են, դու պետք է մասնակցես այդ ընտրություններին», - նշեց Շարմազանովը։

«Քաղաքականությունը մրցակցություն է, հիմա ինքը թող ապացուցի, որ դա իր ձայներն են, ինչի՞ մասին է խոսքը։ Չի մասնակցի ընտրություններին` ավելի վատ իր համար: Ռուսն ասել է՝ Святое место пустым не бывает: Ինչպես ինքը եկավ ուրիշի տեղը գրավեց, այնպես էլ մեկ ուրիշը կարող է իր տեղը գրավել: Մենք հասել ենք այն մակարդակի, որ կա այլընտրանք, կա այլակարծություն»,- նաեւ ասաց Շարմազանովը՝ ընդգծելով. – «Դժբախտաբար մեզ մոտ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ անկախ դիտորդական առաքելությունների գնահատականներից, անկախ փաստերից պարտվող թեկնածուն կանգնում , ասում է ` չէ ու չէ, կապրիզ է անում: Սիրելիներս, առաջարկություններ արեք ողջամիտ, նստենք քննարկենք։ Բայց սկզբում հայտարարել` 80 տոկոս հաղթել ենք, առանց փաստերի, հետո մեկ օր հետո պահանջել կրկնակի քվեարկություն, երկրորդ փուլ... այսինքն 80 տոկոսը մինիմում դարձավ 49 տոկոս, 31 տոկոս սուտ ասվեց։ Հետո ասել՝ դե որ երկրորդ փուլ էլ չի լինում, առաջարկում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այսինքն արդեն ընդունում են, որ ընտրությունները եղել են լեգիտիմ: Մի երկու օր հետո կարող է ուրիշ բան պահանջեն... քաղաքականությունը կապրիզ չէ»:

«Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի որոշել ավագանու ընտրություններին մասնակցելու է, թե` ոչ: Կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը Հանրապետականի այս կեցվածքը որակում է երկրում առկա ճգնաժամից հանրության ուշադրությունը շեղելու փորձ։

«Կգա ժամանակը եւ «Ժառանգությունն» իր որոշումները կկայացնի այս ուղղությամբ: Իսկ այս պահին մենք փորձելու ենք լուծում տալ այն ներքաղաքական ճգնաժամին, որը ստեղծվել է Հանրապետական կուսակցության պատճառով, եւ փոխանակ լուծելու այդ ճգնաժամը, փորձում են ուշադրությունը շեղել եւ հասարակությանը ուղղորդել դեպի մայիս, դեպի Տարոն Մարգարյան»:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին՝ Սաֆարյանը մեկնաբանեց. – «Դիտարկելով, թե որ աշխատանքից է գոհ Հանրապետական կուսակցությունը, կարելի է ասել, որ դա ընտրակեղծիքներն են, Սերժ Սարգսյանի համար քվեներ բերելն է»

«Բարգավաճ Հայաստանը», ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը եւս դեռ չեն որոշել ավագանու ընտրություններում իրենց մասնակցության ձեւաչափը:

Դաշնակցությունը կողմնակից է ընտրություններին համախմբված մասնակցությունը, ինչպես այսօր խորհրդարանում հայտարարել է Արմեն Ռուստամյանը. – «Նախագահական ընտրությունների փորձը ցույց տվեց, որ ի վերջո, միասնական ճակատով գնալը արդյունք տալիս է»:

Հանրապետականի երեկվա որոշումը այս քաղաքական ուժերը չեն մեկնաբանում։ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում միայն նշեց. – «Ինչ ուզում են, թող անեն: Կարող եմ միայն ասել, որ Հանրապետական կուսակցությունը այսօր այն ռեժիմի հենարանն է, որը կեղծում է բոլոր ընտրությունները: Եվ եթե իրենք նորից ուզում են անցկացնել հերթական կեղծված ընտրությունը եւ Տարոնին հերթական կեղծված ընտրությունով կարգեն քաղաքապետ, թող փորձեն»:

Քաղաքական ուժերը Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն մինչեւ մարտի 11-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG