Մատչելիության հղումներ

2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված` Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները, ինչպես նաեւ մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են (ՄԻԵԴ) ներկայացրել անհատական գանգատ Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ:

Հայաստանի արդարադատության նախարարությունը մանրամասնում է, որ գանգատում պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը եւ Ադրբեջանի կողմից նրա ներումը, ըստ էության` արդարացումը եւ հերոսացումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք),14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները:

Պարզաբանելով մարդասպան Սաֆարովի գործով միջազգային բողոքարկմանն առնչվող որոշ իրավական մանրամասներ` այսօր
Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանի պետությունը եւս այս գործընթացին որոշակի մասնակցություն կունենա, սակայն` ոչ այս փուլում:

«Այս փուլում առաջնահերթության իրավունքով եւ կարգով այդ գանգատը ներկայացվել է, այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունը որեւէ մասնակցություն չի ունենալու: Միաժամանակ, մենք իրավունք ունենք ներգրավվել վարույթին որպես երրորդ կողմ: Եվ այն ժամանակ, երբ ներգրավվենք վարույթին, քանի որ դիմումատուները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, մենք շատ ջանասիրաբար եւ արդյունավետ կիրականացնենք Հայաստանի Հանրապետության շահերի այս շատ կարեւոր խնդրի պատշաճ ներկայացումը», - նշեց փոխնախարարը:

Հայաստանի Հանրապետությունը մարդասպան Սաֆարովի արտահանձման եւ ներման գործով իրավական գործընթացներ է նախաձեռնել նաեւ միջազգային տարբեր կառույցերի շրջանակներում: Մասնավորապես, մի քանի ամիս առաջ քրեական ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրախորհրդի կոնվենցիաների կիրարկման հարցերով փորձագիտական խմբին ներկայացվել է դիմում, որով պահանջվում է քննարկել 1983 թվականի դատապարտյալների փոխանցման մասին Ստրասբուրգի կոնվենցիայի՝ համաներում եւ ներում շնորհելու իրավունք վերապահող 12-րդ հոդվածի Ադրբեջանի կողմից կիրառման իրավաչափությունը միջազգային իրավունքի տեսանկյունից:

Նախատեսվում է նաեւ համապատասխան դիմում ներկայացնել ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտե: Այս կապակցությամբ Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանն ասաց. - «Արդեն ավարտին է մոտենում այդ աշխատանքների նախապատրաստումը, որտեղ հիմնականում, նշված միջադեպից զատ, նաեւ մենք փորձում ենք ներկայացնել այն բոլոր միջադեպերը եւ իրավիճակները, որտեղ առկա է Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն»:

Հարցին, թե ինչ են ակնկալում այս հայցերից, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. - «Առաջինը` խախտման փաստի ճանաչումը, որ ինքնին շատ կարեւոր է: Շատ կարեւոր է նաեւ հետագա նման դեպքերի կանխարգելման հետ կապված եւ այս իրադրությունը միջազգային իրավունքին սկզբունքորեն հակասող ներկայացնելու տեսանկյունից: Հետագայում, երբ ունենանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռ, ապա բոլորովին նոր գործընթաց կսկսվի: Սա ոչ պակաս ծավալուն, ոչ պակաս կարեւոր գործընթաց է, որը ոչ թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է իրականացվում, այլ Նախարարների կոմիտեում, որը Եվրոպայի խորհրդի առանձին մարմին է: Եվ կոմիտեն վերահսկելու է, թե ինչ եղանակներով է տվյալ վճիռը հնարավոր կատարել: Առհասարակ կան վճիռների կատարման տարբեր եղանակներ, որոնց թվում է նաեւ մինչեւ խախտումը եղած վիճակի վերականգնումը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե եղել են արդյոք միջազգային պրակտիկայում նախադեպեր, երբ նշված ընթացակարգերը ցանկալի արդյունք են տվել, փոխնախարարը պատասխանեց, թե կոնկրետ այս դեպքին նմանվող նախադեպ չի եղել. - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նման խայտառակ երեւույթ չի եղել: Սա ուղղակի աննախադեպ երեւույթ էր, եւ այդ պատճառով ես վստահ եմ, որ նաեւ արձագանքը համապատասխան կլինի»:
XS
SM
MD
LG