Մատչելիության հղումներ

Հետընտրական իրադարձությունները քննարկելու համար խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու հարցով այսօրվա խորհրդակցությունը արդյունք չտվեց, բայց արտահերթի օրակարգը հստակեցնելու շուրջ իշխող Հանրապետական կուսակցություն, ընդդիմադիր «Ժառանգություն» եւ ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների քննարկումները կշարունակվեն։

Ընդդիմությունը օրակարգ է ներկայացրել, որը երեք հիմնական կետ է ներառում` մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովի նոր ընտրություններ, երկու տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներ` խորհրդարանական կառավարման ձեւի անցնելու համար, եւ ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տրամադրելը։

Մոտ մեկ ժամ տեւած քննարկումներին մասնակցած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմության ներկայացրած առաջարկները կոշտ որակեց, դրանցից միայն մեկը ռեալ համարեց՝ ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաների տրամադրումը, այն էլ՝ վերապահումներով։

«Ենթադրենք ինչ–որ բաներ տվեցինք, կամ իրենք պահանջեցին՝ ինչ–որ ոլորտներ տվեցինք։ Դրանից խնդիրը չի լուծվում։ Խնդիրը այստեղ քաղաքական պայմանավորվածություն է՝ որ ոլորտներում պիտի համագործակցենք, համատեղ գործունեություն ծավալենք», – պարզաբանեց Գալուստ Սահակյանը։

Սահակյանի խոսքով, մասնավորապես, խորհրդարանը ցրելու առաջարկը իրենց համար անընդունելի է, ասաց՝ «խորհրդարանը լուծարվի որ ի՞նչ լինի»։

«Այս մի անգամ 5 տոկոսից ավել վերցրել են, լուծարելուց հետո ի՞նչ պիտի լինի։ Իրենք իրենց տունը քանդո՞ւմ են», – մեկնաբանեց նա։

«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանն էլ չթաքցրեց՝ վիճելի դրույթներ կան, բայց բանակցություններին չխանգարելու համար չցանկացավ դրանք բացահայտել։

Ազգային ժողովի նախագահը նախօրեին ասել էր՝ իշխանությունը սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի ողջամիտ առաջարկներին, մինչեւ անգամ կառավարության կազմում «Ժառանգության» ներկայացուցիչ կարող է ընդգրկվել։

Ռուբիկ Հակոբյանն այսօր այդ առաջարկին հակադարձեց. – «Մենք էլ դիտում ենք, որ այդ առաջարկությունը ողջամիտ չէ»։

Քննարկվող առաջարկների վերաբերյալ այսօր իր տեսակետն է հնչեցրել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա ողջունել է, եմ համազգային տագնապի լուծման ցանկացած տարբերակ, բայց այն, ինչ այժմ քննարկվում է Ազգային ժողովում, չի ներկայացնում իր անձնական տեսակետը։

«Զադնայա սկորոստ չկա, եւ կամ համազգային լուծում, կամ ոչ մի բան», – ամփոփել է Հովհաննիսյանը։

Վաղը իշխանությունն ու ընդդիմությունը կշարունակեն արտահերթ նիստ գումարելու օրակարգի շուրջ ընդհանուր եզրեր փնտրել։

Հետընտրական իրավիճակը Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկելու իր առաջարկի մասին նախօրեին հայտարարեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` հայտնելով, որ այն ընդունել են բոլոր խմբակցությունները։
XS
SM
MD
LG