Մատչելիության հղումներ

Ստամբուլում կկայանա ԲԹԿ նախագծի շուրջ հերթական հանդիպումը


Վրացական երկաթուղին Զեստաֆոնիի մոտ, արխիվ
Վրացական երկաթուղին Զեստաֆոնիի մոտ, արխիվ
Ստամբուլում այսօր տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտոնյաների արդեն հինգերորդ հանդիպումը Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու կառուցման շուրջ։

Տարածաշրջանի եւ երեք երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագիրը, հիշեցնենք, մեկնարկեց հինգ տարի առաջ, այդուամենայնիվ, չնայած ավելի վաղ հնչած կանխատեսումներին, շինարարությունը մինչ օրս չի ավարտվել։ Ավելին, Վրաստանում տեղի ունեցած վերջին իշխանափոխությունից հետո վարչապետ Իվանիշվիլին սկսեց կասկածներ հնչեցնել դրա նպատակահարմարության շուրջ, նախագահ Սաակաշվիլին էլ պնդեց, թե այդ կասկածները գալիս են Մոսկվայից, որն ամենեւին էլ ոգեւորված չէ Ռուսաստանը շրջանցող եւ դեպի Եվրոպա ձգվող այս ճանապարհով։

«Այս նախագծին խոչընդոտելը դավաճանություն է ու հանցագործություն», - երեկ Բաքվում հայտարարեց Միխեիլ Սաակաշվիլին՝ հավելելով. - «Սա մեր ճանապարհն է դեպի Եվրոպա եւ Հյուսիսատլանտյան դաշինք, այն անպայման իրագործվելու է, եւ ես ուրախ եմ, որ մեր գործընկեր ու բարեկամ Թուրքիան եւս կարեւոր դերակատարություն ունի դրանում»:

Որ ծրագիրն ի վերջո կյանքի է կոչվելու` այժմ արդեն չի հերքում նաեւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Վերջինս հայտարարում է, որ Բաքու կատարած իր այցի ժամանակ ադրբեջանական կողմը փարատելէ առկա մտահոգություններն ու կասկածները։

Փոխարենը, երկաթգծի վերաբերյալ կարծես նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս Թուրքիան։ Անցած շաբաթ, մասնավորապես, թուրքական դիվանագիտական աղբյուրները մամուլի միջոցով բացահայտեցին, թե պաշտոնական Անկարան առաջարկ է ներկայացրել Հայաստանին՝ ղարաբաղյան հարցում որոշակի առաջընթացի դիմաց այս ծրագրին միանալու վերաբերյալ։

Օրեր առաջ, մասնավորապես, թուրքական Hurriyet-ը գրեց, թե ամիսներ առաջ Վիեննայում՝ Մինսկի խմբի հերթական հանդիպման ժամանակ, թուրքական կողմը առաջարկել է Հայաստանին միանալ դեպի Եվրոպա եւ Ասիա ձգվող ռազմավարական ճանապարհներին, պայմանով, որ հայկական կողմը մինչ այդ դուրս բերի զորքերը գրաված յոթ շրջաններից։

Թուրքական մամուլում հրապարակված նյութում դիվանագիտական շրջանակները նաեւ որոշ մանրամասներ էին փոխանցել, որոնց համաձայն, առաջարկվող ծրագիրը նախատեսում է երկու փուլ` մեկով Հայաստանը միանում է Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծին, մյուսով` Եվրոպա եւ Ասիա ձգվող ճանապարհներին` թուրքական «Մարմարի» ծրագրի շահագործումից հետո։

«Մենք փորձում ենք ակտիվացնել Մինսկի խումբը` ղարաբաղյան խնդիրը լուծելու համար, եւ հենց այդ նպատակով ներկայացրել ենք այս առաջարկը, որը հավանության է արժանացել բոլոր համանախագահների կողմից», - ասել է թուրքական դիվանագիտական աղբյուրը` միաժամանակ ընդգծելով, որ հայկական կողմը սառն է վերաբերվել եւ որեւէ պատասխան առայժմ չի փոխանցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG