Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունն ընդունեց Շիրակի մարզպետի հրաժարականը


Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյան

Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյան

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում ընդունեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականը:

«Այս դիմումը պարոն Գիզիրյանը ներկայացրել է իր սեփական նախաձեռնությամբ, եւ սա չափազանց կարեւոր հանգամանք է, որովհետեւ տարբեր տիպի տեղեկատվություն է տարածվել Հայաստանի Հանրապետությունում, որոնք իրականությանը չեն համապատասխանում», - ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` նաեւ շնորհակալություն հայտնելով Գիզիրյանին կատարած աշխատանքի համար։

Շիրակի մարզպետի պաշտոնն առայժմ թափուր է: Հավակնորդներների թվում շրջանառվում էին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ՀՀ նախագահի խորհրդական, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի անունները: Այս օրերին, սակայն, ավելի շատ խոսվում է Շիրակի մարզից ընդամենը երկու ամիս առաջ ԱԺ պատգամավոր ընտրված Արման Սահակյանի մասին:

Աշոտ Գիզիրյանը, հիշեցնենք, հրաժարականի դիմումը ներկայացրել էր փետրվարի 22-ին:

Շիրակի մարզում Հայաստանի գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի ընտրություններում ձայների 8 տոկոս տարբերությամբ պարտվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ Գյումրի քաղաքում «Ժառանգության» առաջնորդը ստացել էր 2.5 անգամ ավելի ձայն, քան Սերժ Սարգսյանը:

«Այս պարտությունը ես ընդունել եմ որպես իմ պարտությունը: Հայաստանի Հանրապետության նախագահը այստեղ չի պարտվել: Ես եմ պարտվել եւ դուք` այստեղ նստածներդ… Մարդիկ, որոնք դրա համար պատասխան պիտի տային», - այս շաբաթ ավելի վաղ` հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո, մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր Աշոտ Գիզիրյանը: - «Վերջին տարիներին Շիրակի մարզում մեծ ներդրում է կատարվել հատկապես անօթեւանների բնակեցման ծրագրի շրջանակում… Մենք ահագին ծրագրեր ենք իրականացրել` ի շնորհով Հայաստանի Հանրապետության նախագահի եւ կառավարության: Երեւի թե դա քիչ է… բայց այսօր այդքանն է հնարավոր»:
XS
SM
MD
LG