Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանն առաջարկում է քաղաքական-քաղաքացիական օրակարգ ձեւավորել


Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում է Ազատության հրապարակում ձեւավորել ազգային պետական քաղաքական-քաղաքացիական օրակարգ:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը այսօրվա հանրահավաքում մասնավորապես առաջարկեց ձեռք բարձրացնելով քվեարկել կողմ են արդյոք մարդիկ, որ ընտրությունների արդյունքները բողոքարկվեն Սահմանադրական դատարանում։ Հրապարակում հավաքված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, սակայն, դեմ արտահայտվեց այս նախաձեռնությանը։

«Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ ընդհանուր որոշումը կհրապարակվի մարտի 2-ին, ապա քվեարկության դրեց մեկ այլ հարց. Նիկոլ Փաշինյանի առաջարկը մինչեւ նախագահի երդմնակալության օրը` ապրիլի 9-ը, Ազատության հրապարակում, ինչպես նաեւ մարզ առ մարզ շրջելով, ձեւավորել ստվերային կառավարություն։ Այս դեպքում հրապարակում հավաքված բազմությունը ձեռքերը վեր պարզած համաձայնություն տվեց առաջիկա օրերին ստվերային կառավարության ձեւավորմանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ որ միշտ հարցնելու է հրապարակում հավաքված մարդկանց կարծիքը. թեեւ չի երաշխավորում, որ որպես կանոն համաձայն կլինի քաղաքացիների հետ, բայց պատրաստ է բանավիճել:

«Ժառանգության» առաջնորդը խոստացավ մարտի 2-ի հանրահավաքում միասնաբար մի շատ կարեւոր որոշում կայացնել, հստակ պատասխաններ տալ մի շարք հարցերի ու ներկայացնել մարտ ամսվա գործողությունների ծրագիրը:

Մարտի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա ասուլիս հրավիրեց Ազատության հրապարակում։ Ասուլիսից հետո նա համակիրների հետ Ազատության հրապարակից ուղեւորվելու է Մյասնիկյանի արձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Ասաց՝ երախտապարտ է ՀԱԿ-ին, որը որոշեց միասին նշել Մարտի 1-ը:

«Ոչ մի զադնայա սկորոստ», - այսօր դարձյալ ասում էր ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն` վերահաստատելով մարզպետներին ուղղված հրաժարականների պահանջը:

Այսօրվա հանրահավաքին, ի թիվս մյուս ելույթ ունեցողների, խոսեց ու Րաֆֆի Հովհաննիսյանին իր աջակցությունը հայտնեց անվանի դերասան Վարդան Պետրոսյանը, ով նոր է Փարիզից Երեւան ժամանել։

«Ես չէի հավատում, որ այսպիսի շարժում կստեղծվի։ Շատերի պես ես էլ մտածել եմ, որ ժողովուրդն արդեն անտարբեր է, հուսահատ, ոչնչի չի հավատում, չի մասնակցելու ընտրություններին, վախեցած է», – նշեց դերասանը՝ հավելելով, թե հեռվից հետեւելով զարգացումներին այժմ վստահ է, որ երկրում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել` խորքային փոփոխությունների հասնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG