Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. Ով նամուս ունի, պետք է հրաժարական տա


Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է իր համակիրներին
Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է իր համակիրներին
Ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպումներ ունեցավ Կոտայքի մարզի տարբեր բնակավայրերում:

Նոր Հաճնում տեղի ունեցած հանրահավաքում Հովհաննիսյանը ձեռքերով հանգցրեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այրվող լուսանկարները: Այն պահին, երբ Հովհաննիսյանը ելույթ էր ունենում, ընդդիմության գրեթե բոլոր հանրահավաքներին մասնակցող Փառանձեմ մայրիկը մոտացավ աստիճանահարթակին եւ սկսեց այրել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները: Հովհաննիսյանը բարձրախոսով հորդորեց չանել, բայց տեսնելով, որ Փառանձեմ մայրիկը անդրդվելի է, ինքը մոտեցավ եւ ձեռքերով հանգցրեց այրվող կրակը:

Պաշտոնական տվյալներով Կոտայքի մարզում հաղթել է Սերժ Սարգսյանը` ստանալով մոտ 83 հազար ձայն, իսկ Հովհաննիսյանը` կիսով չափ պակաս, 44 հազար ձայն: Սակայն առանձին քաղաքներում, մասնավորապես, Նոր Հաճնում եւ Աբովյանում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է: Այսօր ելույթ ունենալով Նոր Հաճնում Ժառանգության առաջնորդն ասաց` չնայած համատարած կեղծիքներին ժողովուրդը այս քաղաքում հաղթեց:

«Փետրվարի 18-ին դուք որոշեցիք, որ Նոր Հաճնը, Կոտայքի մարզը ետ պիտի բերենք անիրավությունից, անարդարությունից, անգործությունից, արտագաղթից, ստից եւ կեղծիքից: Եվ որքան նրանք փորձեցին եւ կեղտոտ բաներ արեցին, նաեւ մարզում հայ ժողովուրդը պատասխանը տվեց, շնորհավորում եմ ձեզ», - ասաց նա:

Հովհաննիսյանը Նոր Հաճնում խոստացավ, որ չի նահանջելու, «զադնայա սկորոստ» չի լինելու` հորդորելով այս պայքարում իրեն մենակ չթողնել:

«Ես ձեզ մենակ չեմ թողնելու, բայց պահաջնում եմ ձեզանից եւ ակնկալում, որ դուք եւս ինձ մենակ չթողնեք, որ այս ճանապարհը պիտի գնանք դեպի մեր հաղթական, այդ հաղթանակը պիտի նշենք: Կարող է մի օր տեւի, մի շաբաթ, մի ամիս, որքան որ պետք է, բայց այդ հաղթանակը պիտի բերենք Նոր Հաճն եւ Հայաստանի Հանրապետություն», - ասաց նա:

Աբովյան քաղաքում Հովհաննիսյանը նշեց, որ եթե ժողովուրդը ետ չկանգնի այս պայքարից, ինքը նույնպես ետ չի կանգնելու: Նա կրկին խոսեց ընտակեղծարարությանը մասնակցած անձանց պատասխանատվության ենթարկելու մասին` ընդգծելով, որ «ովքեր նամուս ունեն, պետք է հրաժարական տան, այլապես դատարանի առջեւ պետք է կանգնեն»:

Աբովյանում Հովհաննիսյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց` ասելով, թե այլեւս չի կրելու «Ժառանգություն» կուսակցության կրծքանշանը:

«Ինձ մոտ չեք տեսնի այլեւս «Ժառանգության» նշան, ես ճանաչում եմ ոչ կուսակցություն, ես ճանաչում եմ մի պետություն, մի դրոշակ, մի ժողովուրդ եւ այդ ժողովուրդը փետրվարի 18-ին խոսեց», - հայտարարեց նա:

Երբ Հովհաննիսյանը Կոտայքի մարզում շրջում էր քաղաքից քաղաք, բարեւում մարդկանց, մենք ընթացքում նրան հարցեր տալու հնարավորություն ունեցանք: Մասնավորապես, հարցրեցինք, թե ինչպե՞ս է գնահատում կառավարության այսօր կայացրած որոշումը` համաձայն որի Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականը ընդունվել է, մինչդեռ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը` ոչ: Հովհաննիսյանն ասաց, որ Աշոտ Գիզիրյանը շատ ավելի կարգին մարդ է, քան մյուսները, ովքեր հրաժարական են տալիս, բայց նրանց հրաժարականը չի ընդունվում:

«Կդիմեք Հայաստանի դե ֆակտո նախագահին, դե ֆակտո վարչապետին, թե ի՞նչ տարբերակում է. ակնկալում եմ, որ Արմավիրի քաղաքապետը պնդի իր հրաժարականը: Եթե ինքը տղամարդ է եւ ուզում է ժողովրդի ներողությունը հայցել, ես պնդում եմ, ժողովուրդը պնդի իր հրաժարականը», - ասաց նա:

Հովհաննիսյանը արձագանքեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ անցկացրած խորհրդակցությանը, որին մասնակցել էին Անվտանգության խորհրդի եւ կառավարության անդամները: Գործող նախագահ, անդրադառնալով նախագահի ընտրություններին, հատկապես կարեւորել էր միջազգային հանրության դրական արձագանքը: Հովհաննիսյանն այսօր ասաց` թույլ չի տալու, որ որեւէ մեկը` Օբամայից սկսած մինչեւ Պուտին կամ Օլանդ, հակասի հայ ժողովրդի ընտրությանը: Հովհաննիսյանը ընդգծեց, որ առայժմ Սերժ Սարգսյանին չի շնորհավորել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարն էլ իր ուղերձում չի ասել ընտրված նախագահ:

«Պետքարտուղարը ոչ թե ընտրված նախագահ է, այլ հաստատված նախագահի մասին է խոսել, հիմա կտեսնենք, թե պարոն Օբաման ինչ կասի: Եթե Օբաման ընտրված նախագահ կասի, ես պարոն Օբամային երկու բառ կասեմ` որպես իր նախկին համաքաղաքացի», - ասաց Հովհաննիսյանը:

Եվ Աբովյանում, եւ Նոր Հաճնում մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանին շատ ջերմ էին ընդունում` պնդելով, թե իրենց ընտրած թեկնածուն հաղթել է ոչ միայն այս քաղաքներում, այլ ամենուր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG