Մատչելիության հղումներ

Հայաստանում կկայանա բրիտանական ֆիլմերի հերթական փառատոնը


Armenia - the poster of 9th British film festival in Armenia, 2011

Armenia - the poster of 9th British film festival in Armenia, 2011

Մարտի 2-11-ը Հայաստանում արդեն 11-րդ անգամ կանցկացվի բրիտանական ֆիլմերի փառատոնը: Այս տարի այն նվիրված է Ջրային համագործակցության միջազգային տարվան:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2013 թվականը հռչակել է ջրային համագործակցության միջազգային տարի:

Փառատոնը, միանալով այս նախաձեռնությանը, ներկայացնելու է ֆիլմեր նվիրված թեմայի բարձրաձայնմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը նշեց, որ Երեւանում եւ մարզերում ներկայացվելու է 9 ֆիլմ:

Մարտի 2-ին հանդիսավոր բացումը կկատարվի «Ակվարիում» ֆիլմով: Անդրեա Արնոլդի այդ ֆիլմը Կաննի փառատոնում արժանացել է ժյուրիի մրցանակին՝ որպես լավագույն բրիտանական ֆիլմ:

«Բացի մարզերից այս տարի առաջին անգամ ֆիլմերը կցուցադրվեն նաեւ զորամասերում, տարբեր համալսարաններում: Բրիտանական արտադրության ֆիլմերի ցուցադրությունից բացի, կազմակերպելու են նաեւ վարպետության դասեր եւ մրցույթներ», - ասաց Արեւիկ Սարիբեկյանը:

«Կարծում եմ՝ փառատոնը ներկայացնում է տաղանդների այն բազմազանությունը, որ այսօր առկա է Միացյալ Թագավորությունում, ցուցադրվելու են բազմաժանր ֆիլմեր:Ներկայացվելու են ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակաից, վերջին տարիներին նկարահանված ֆիլմեր», - նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնթան Էյվսը:

Ամիսներ առաջ Բրիտանական խորհուրդը Հայաստանում հայտարարել էր «Ֆիլմ +H2O» կինո մրցույթ, որի շրջանակներում հայ ռեժիսորները նկարահանել են ֆիլմեր՝ նվիրված ջրի սակավության խնդիրներին: Մարտի 11-ին կներկայացվեն հայ ռեժիսորների նկարահանած 8 ֆիլմերը: Լավագույնները կարժանանան հատուկ մրցանակների:
XS
SM
MD
LG