Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում պահանջում են ռեկտորի օգնականի հրաժարականը


ԵՊՀ-ի ուսանողները ստորագրահավաք են անցկացնում` պահանջելով ռեկտորի օգնականի հրաժարականը, 28 փետրվարի, 2013
ԵՊՀ-ի ուսանողները ստորագրահավաք են անցկացնում` պահանջելով ռեկտորի օգնականի հրաժարականը, 28 փետրվարի, 2013
Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) տասնյակ ուսանողներ եւ մի շարք դասախոսներ խստորեն դատապարտում են համալսարանի դիմաց երեկ առավոտյան տեղի ունեցած միջադեպը:

Այսօր վաղ առավոտից գլխավոր մասնաշենքի մոտ սկսված ստորագրահավաքով համալսարանականները բուհի ղեկավարությունից պահանջում են գնահատական տալ դասադուլի կոչով հանդես եկող երիտասարդների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհրդի, արհմիության այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքին: Հիմնական պահանջն է պաշտոնանկ անել ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանին: Համացանցում տարածված տեսանյութի համաձայն` դասադուլի կոչերով ակցիան այստեղ երեկ վաղ առավոտյան ուղեկցվել էր ակցիայի մասնակիցների եւ նրանց ակցիայի դեմ դուրս եկած համալսարանականների միջեւ փոխադարձ քաշքշուկով, հայհոյանքներով, որի ժամանակ այդ իրադարձություններին հետեւող Գեւորգ Մելքոնյանը «զորքը բեր առաջ, տղերքին Ախալքալակի բեր առաջ» բովանդակությամբ հրահանգ է տվել ինչ-որ մեկին:

Ստորագրահավաքին մասնակցող համալսարանականները պնդում էին, որ հայհոյանքները, վիրավորանքները, ուսանողների միջեւ պառակտում մտցնելու փորձերը պատիվ չեն բերում պետհամալսարանին:

«Բոլորը պետք է վիրավորված լինեն, որովհետեւ համալսարանում սովորողների ինչ- որ զանգվածներ բերել-կանգնեցրել են մեր առաջ, վիրավորանքներ, սադրանքներ ու իր հրահանգները` «զորքը առաջ բերեք», սխալ էին ամեն դեպքում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց պատմության ֆակուլտետի ուսանող Շահեն Թաջիրյանը:

«Ես ընդհանրապես դուրս չեմ եկել համալսարանի դիմացի ակցիաների ժամանակ, ուղղակի տեսնում եմ, թե ինչ վերաբերմունք է այն երեխեքի նկատմամբ, ովքեր դուրս են եկել: Վիդեոներով տեսնում եմ, որ էդ երեխեքին ինչ ասես ասում են այն մարդիկ, ովքեր կյանքում դասի նստած չկան, փողով ստանում են ամեն ինչ, ու այսօր եկել կանգնել, ասում են` դուք մեր դասը խանգարում եք: Աբսուրդ է», - դժգոհեց ուսանողուհիներից մեկը:

«Շատ լավ երեւաց սովորող ուսանողի կոչը` «թողեք դաս անեմ, արա»… երեւում է, որ «ուսումնատենչ» երիտասարդ է», - հեգնեց պատմության ֆակուլտետի ուսանողուհի Նվարդ Ավետիսյանը:

ԵՊՀ-ի դիմաց հավաքվածներից ոմանք պնդում էին, որ «համալսարանի ղեկավարությունը փորձում է պառակտում մտցնել երիտասարդության մեջ, եւ ցանկացած ձեւով խեղդել երիտասարդների աճող ալիքը»:

Բուհի ռեկտորատի ներկայացուցիչները պնդում են, որ կատարվածը դասադուլի կոչերով ակցիայի կազմակերպիչների կողմից սադրանք է, որոնք «պրոֆեսիոնալ ցուցարարներ են» եւ կապ չունեն բուհի հետ:

Ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ինքն ընդամենը ցանկացել է վիճաբանող կողմերին բաժանել, իսկ զորք ասելով նկատի է ունեցել շրջապատում հավաքված ոստիկանությանը:

«Թույլ չենք տվել եւ թույլ չենք տալու, որ սադրանք լինի երիտասարդների մեջ: Ես դրա համար եմ իջել: Վիճաբանություն, հրմշտոց սկսվել էր ախալքալակցի ուսանողների եւ «դասադուլ» գոռացող միկրոֆոնով երիտասարդի միջեւ: Որպեսզի վիճակը չսրվի, ասացի վիճաբանության մեջ մտած ախալքալակցի երիտասարդներին բերեք առաջ, եկեք առաջ: Ինչ վերաբերվում է «զորքին», զորքը ոստիկանությունն է, լարված վիճակ է, պահի տակ նկատի եմ ունեցել ոստիկանությանը, չի կարելի բարդացնել, դարձնել մեծ պրոբլեմ: Տեսաք, ասեցի, ոստիկանները եկան առաջ, որպեսզի լարվածությունը թույլ չտան շարունակվի», - ասաց Մելքոնյանը:

Համացանցում միջադեպը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել պետհամալսարանի մի քանի դասախոսներ: Այլ բուհերի դասախոսներ եւս համացանցում միացել են այս պահանջին: ԵՊՀ-ից Արարատ Միրզոյանը, Սամվել Մարտիրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Ավետիք Մեջլումյանը, Յուլիա Անտոնյանը, Աննա Հակոբյանը մտահոգություն են հայտնել, որ սա վտանգում է մայր բուհի հեղինակությունը` կրթության եւ գիտության նախարարից եւ համալսարանի ռեկտորից պահանջելով պաշտոնապես պարզաբանել միջադեպը եւ պատժել «իրենց պաշտոնը չարաշահած եւ լիազորությունները գերազանցած անձանց»: Դասախոս Սամվել Մարտիրոսյանը մեր ռադիոկայանի հետ զրույցում տարակուսած էր ոչ միայն կատարվածից, այլեւ ռեկտորի օգնականի պարզաբանումներից.

«Հարց է ծագում` ի՞նչ կապ ունի ռեկտորի ներկայացուցիչը ոստիկանության հետ: Կամ ոստիկանությունը պետք է բացատրություն տա այդ դեպքում, թե արդյոք իրենք առաջնորդվում են բուհի ներկայացուցիչների հրամաններով, կամ էլ մի բան էն չի այստեղ», - ասաց Մարտիրոսյանը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում սա համարեց «մի շարք նախաձեռնողների կողմից օրեր շարունակ անհանդուրժողականության տարածման, սադրիչ գործողությունների հետեւանք»: Նա վկայակոչել է դասադուլի կոչերով ակցիայի մասնակիցների կողմից ուսանողներին «ստրուկներ» անվանելն ու պետհամալսարանը վիրավորող նկարների տարածումը համացանցում:

«Այդ վիրավորանքները մեկ շաբաթ շարունակ շատ ագրեսիվ կերպով տարածվում էին նաեւ տեղեկատվական համակարգերում, ցանցում: Մարդկայնորեն բնական եմ համարում նաեւ դիմացի կողմի վրդովմունքն ու ցասումը` այդ վիրավորանքներին պատասխանել վիրավորանքներով, եւ ուզում եմ կոչ անել բոլոր կողմերին զերծ մնալ սադրանքներից եւ վիրավորանքներից: Կարծում եմ` պետք չէ քավության նոխազ սարքել ինչ-որ ռեկտորի օգնականի, ով այդ պահին իր հոգեբանական վիճակից ելնելով չի կարողացել ինքնատիրապետել, դա այդքան էլ ճիշտ չէ: Մեղավոր կողմերը երկուսն են: Ո՞ւր էին մեր վրդովված քաղաքացիները, երբ 2-3 օր շարունակ հայ երիտասարդներին կոչում էին ստրուկներ, երբ կենտրոնական մասնաշենքի առաջ միջնամատեր էին ցուցադրվում եւ ի սփյուռս աշխարհի տարածվում այդ նկարները» - ասաց նախարարը:

Լրագրողի հարցին, թե «զո՞րք կա ԵՊՀ-ում, երբ ռեկտորի օգնականն ասում է` զորքը բերեք», Աշոտյանը պատասխանեց. - «Ստրուկ կա՞ ԵՊՀ-ում... Մեզ, հատկապես երիտասարդների շրջանում զորքեր պետք չեն, բայց մեզ պետք չեն նաեւ պատեր, որ կառուցվում են այլ մարդկանց կողմից, մեզ պետք չեն վիրավորանքներ, մեզ պետք չեն ինքնահավան երիտասարդներ, որոնք մի քանի բառ անգլերեն իմանալու պատճառով կարող են փորձել վերեւից նայել լոռեցի կամ Ջավախքից եկած ուսանողներին: «Զորքը» բառ է, որ օգտագործվել է այդ պահին հոգեհուզական վիճակից ելնելով եւ սխալ է օգտագործվել»:

ԵՊՀ ռեկտորատից փոխանցեցին, որ ստորագրահավաքի մասնակից երիտասարդների գրավոր պահանջներին ծանոթանալուց հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը:
XS
SM
MD
LG