Մատչելիության հղումներ

logo-print

«Թեղուտ» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրվեց


Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից սարքավորումների ներմուծման համար ավելացված արժեքի հարկի վճարումը երեք տարով հետաձգելու մասին որոշման նախագծին:

Ընկերությունը շուրջ 2.7 մլրդ դրամի սարքավորումներ է ներմուծելու Հայաստան` Թեղուտի հանքավայրի շահագործումը սկսելու համար:

Կառավարության նիստում հարցը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը փոխանցեց, թե այդ պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու նպատակով «Թեղուտ» ՓԲԸ-ն մտադիր է առաջիկա մի քանի տարիներին ներդնել մոտ 338 մլն դոլար, որից 132 մլն-ը` սարքավորումների տեսքով: Ընկերությունը խոստանում է նաեւ ստեղծել շուրջ հազար աշխատատեղ:

«Ծրագրի իրականացումն ակտիվ ընթացքի մեջ է», - հավելեց նախարարը:

«Վալլեքս» խմբի մեջ մտնող «Թեղուտ» ընկերությունը հանքավայրը շահագործելու լիցենզիան 25 տարի ժամկետով ՀՀ կառավարությունից ստացել է 2001 թվականին:

Հանքավայրի շահագործման դեմ բողոքի ալիք են բարձրացրել բնապահպանական բազմաթիվ կազմակերպություններ` պնդելով, թե ծրագրի իրագործումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ շրջակա միջավայրի վրա:

«500 միլիոն տոննանոց պոչամբարի մասին է խոսքը, Դեբեդ գետի աղտոտման մասին է խոսքը, տարածաշրջանի առհասարակ աղտոտման մասին է խոսքը` ե’ւ Հայաստանի, ե’ւ Վրաստանի: Բայց մենք դնում ենք սոցիալական անարդարություն խնդիր: Այսինքն` այդ ամբողջ եկամուտները, որոնք ստացվելու են հանքերից, ո՞ւր են գնում: Քանի՞ տոկոսն է պետբյուջե գալիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց բնապահպան ակտիվիստ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռուզաննա Գրիգորյանը` պնդելով, որ ակնկալվելիք եկամուտների առավելագույնը 1.6 տոկոսն է մտնելու պետական բյուջե. - «Մնացած ամբողջ գումարը գնում է մասնավորի գրպանը: Այն դեպքում, երբ դա հանրային ունեցվածք է, ազգային սեփականություն»:

«Վալլեքս» խմբի ընկերությունների մամլո խոսնակ Վահրամ Ավագյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մտադիր են Թեղուտի կոմբինատի շինարարությունը ավարտել 2014 թվականին:

Անդրադառնալով բնապահպանական խնդիրներին` Ավագյանն ասաց. - «Տնտեսական ցանկացած գործունեությունը շրջակա միջավայրի վրա որոշակի բացասական ազդեցություն կարող է ունենալ: Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե տնտեսական գործունեությունը կասեցնելու ճանապարհով շրջակա միջավայրի վրա ազդեցության բացառումը, այլ տնտեսական գործունեությունը` աշխարհի առաջադեմ փորձի շրջանակներում, Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված նորմերին համապատասխանությունը ապահովելու միջոցով տնտեսական գործունեությունը հնարավորինս վնասազերձել շրջակա միջավայրի համար»:

Նա հնչեցրեց իրենց համոզմունքը, թե Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը բնապահպանական անվտանգության տեսանկյունից համապատասխանում է առաջադեմ համաշխարհային փորձին:
XS
SM
MD
LG