Մատչելիության հղումներ

Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին


Էդվարդ Նալբանդյանի եւ Բան Կի-մունի հանդիպումը Վիեննայում, լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ-ի
Էդվարդ Նալբանդյանի եւ Բան Կի-մունի հանդիպումը Վիեննայում, լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ-ի
Երեկ Վիեննայում բացվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որի նպատակն է համախմբել միջազգային հանրությանը ծայրահեղականության դեմ՝ միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ու համագործակցության միջոցով։

Ֆորումի բացումը կատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում են 136 երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

Համաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում նա նշել է, որ հանդուրժողականությունը, այլոց ազգային, մշակութային եւ կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ներդաշնակ եւ խաղաղ համակեցության նախապայմաններից է։ Նալբանդյանը ընդգծել է, որ Հայաստանը միանում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին բարի կամքով եւ վճռականությամբ` աշխատելու անդամ երկրների հետ բազմազանության եւ քաղաքակրթությունների ներդաշնակության դրական ուղերձը առաջ մղելու նպատակով։

Ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, որը, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, խնդրել է իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նրա երկրորդ մանդատի ընթացքում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի օրակարգային խնդիրների շուրջ։ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներգավվածությունը ՄԱԿ-ի եւ նրա կառույցների գործունեությանը:

Նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այդ համատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

Սիրիայում տեղի ունեցող զարգացումների քննարկման համատեքստում անդրադարձ է կատարվել խաղաղ բնակչության, այդ թվում սիրահայերի առջեւ ծառացած խնդիրներին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել Հայաստանի նախագահին վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը դրական է գնահատել Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերի, կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայաստանի ակտիվ ներգրավվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Քննարկում է տեղի ունեցել երկկողմ հարցերի, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG