Մատչելիության հղումներ

Ղարաբաղում նշում են Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցը


Լուսանկարը` Լեռնային Ղարաբաղի նախագահի գրասենյակի

Լուսանկարը` Լեռնային Ղարաբաղի նախագահի գրասենյակի

Լեռնային Ղարաբաղում այսօր նշում են Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցը։ Առավոտից մարդկանց հոսքը Ստեփանակերտի հուշահամալիր չի դադարում:

Քառորդ դար առաջ փետրվարի 27-29-ը խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները այսօր էլ Ղարաբաղում ցավով են հիշում եւ վերապրում:

«Այդ օրը առավոտյան սովորականի պես շտապում էի գործի ու մեր բարեկամից զանգ ստացա, որ թուրքերը [ադրբեջանցիները] մտնում են հայերի տները եւ կոտորում: Ժամեր հետո լսեցինք մեր հարեւանի մահվան մասին լուրը: Եվ հենց հաջորդ օրը` մազապուրծ, թողնելով տուն ու տեղ, փախանք Սումգայիթից», - չկարողանալով զսպելը արցունքները` պատմում է Ստեփանակերտի բնակչուհի 48-ամյա Սեդա Գրիգորյանը:

Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ քաղաքում ադրբեջանական իշխանությունների առնվազն թողտվությամբ հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով եւ ոչնչացմամբ: Խորհրդային Միության ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին եւ սպանվեցին տասնյակ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:

Այդ իրադարձություններին, սակայն, առ այսօր չի տրվել քաղաքական գնահատական:

«Հայ համաքաղաքացիների սպանդը չարժանացավ ադրբեջանական հասարակության դատապարտմանը, ավելին՝ ջարդարարները հերոսացվեցին, եւ իշխանությունների նախաձեռնությամբ ադրբեջանական ժողովրդի գիտակցության մեջ քառորդ դար շարունակ արմատավորվեց «հայի սպանությունը հանցագործություն չէ, այլ՝ պատիվ» մտայնությունը», - ասվում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի քաղաքական ուժերի այսօր տարածած հայտարարությունում:

Ղարաբաղի Ազգային ժողովի քաղաքական ուժերը, առաջնորդվելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ այն պատժելու մասին» համաձայնագրի դրույթներով, «խստորեն դատապարտում են Սումգայիթում, իսկ հետագայում նաեւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի ողջ տարածքում հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունը եւ վերահաստատում այդ հանցագործության միջազգային իրավական եւ քաղաքական դատապարտմանը հասնելու իրենց վճռականությունը՝ կոչ անելով աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին՝ միանալ Ադրբեջանում էթնիկ անհանդուրժողականության, այլատյացության, հետագա ցեղասպանության կանխման ջանքերին»:

«Սումգայիթի ողբերգական իրադարձությունները պարարտ հող ստեղծեցին եւ նպաստեցին հայերի եւ ամեն հայկականի նկատմամբ կույր ատելության հետագա սաստկացմանը, ինչը հետեւողականորեն եւ հաջողությամբ սերմանվում է Ադրբեջանում եւ նրա հասարակության մեջ», - ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության կողմից տարածված հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG