Մատչելիության հղումներ

Բաքվի պահանջով ՌԻԱ «Նովոստի»-ն կայքից հանել է Ղարաբաղի մասին հոդվածը


Ադրբեջանի արտգործնախարարության շենքի ցուցանակը

Ադրբեջանի արտգործնախարարության շենքի ցուցանակը

Պաշտոնական Բաքվի պահանջով ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը իր կայքից հանել է Վադիմ Դուբնովի «Ղարաբաղը 25 տարիների ընթացքում սովորել է լինել չճանաչված» հոդվածը, որը հրապարակվել էր փետրվարի 25-ին եւ ըստ Բաքվի տեսակետի պաշտպանում էր «Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմին»։

Անցած երեքշաբթի օրը Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ փոխարտգործնախարար Մահմուդ Մամադգուլիեւը բողոքի նոտա է հանձնել դեսպանին։

Ավելի ուշ Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Ալինա Զոլոտարեւան ասել է, թե դեսպանը խոստացել է պաշտոնական Մոսկվայի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի արտգործնախարարության բարձրացրած խնդրի վրա։

Դեսպան Դորոխինը ասել է, որ այդ հրապարակումը հարցականի տակ չի դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, որը մնում է անփոփոխ։

Դորոխինը նշել է, որ հոդվածը արտահայտում է միայն Դուբնովի անձնական կարծիքը, որը անպայման չէ, որ համընկնի ռուսական պետական լրատվամիջոցի տեսակետին։

Մամուլի խոսնակի փոխանցմամբ` դեսպանը Ադրբեջանի փոխարտգործնախարարին տեղեկացրել է, որ հոդվածը արդեն հանվել է լրատվական գործակալության կայքից, եւ որ գործակալության ղեկավարները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։

Ադրբեջանի փոխարտգործնախարարը եւ Ռուսաստանի դեսպանը նաեւ նշել են, որ համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն ռուս - ադրբեջանական հարաբերությունների բարեկամական մթնոլորտի պահպանմանը, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG