Մատչելիության հղումներ

Սարգսյանին շնորհավորել են Մերկելը, Յագլանդը, Ռասմուսենը, Բոկովան


Անգելա Մերկել եւ Սերժ Սարգսյան, Բեռլին, 22-ը հունիսի, 2010թ.
Անգելա Մերկել եւ Սերժ Սարգսյան, Բեռլին, 22-ը հունիսի, 2010թ.
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Մեծարգո պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ», - ասված է, մասնավորապես, Գերմանիայի կանցլերի ուղերձում։ - «Գերմանիայի Դաշնային կառավարությունը կշարունակի իր նպաստը բերել Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը եւ հանդես գալ հօգուտ Հայաստանի եւ ողջ Հարավային Կովկասի հետ Եվրամիության համագործակցության սերտացման: Համոզված եմ, որ խիզախ քայլերով կհաջողվի բարելավել Հայաստանի հարաբերություններն իր հարեւան երկրների հետ ինչպես արեւելքում, այնպես էլ արեւմուտքում»:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը իր ուղերձում գրել է. - «Վստահ եմ, որ Դուք հետամուտ կլինեք բարեփոխումների շարունակական գործընթացին, որին Դուք եւ Ձեր երկիրն արդեն իսկ հանձնառու եք` ապահովելու նրա ժողովրդավարական կայունությունը, ինչպես նաեւ օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների լիարժեք հարգումը Հայաստանում: Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Ձեզ այդ ջանքերի իրականացման հարցում, մասնավորապես 2012-2014 թվականներ Գործողությունների ծրագրի շարունակական իրագործման միջոցով: Ես անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը եւ ԵԽ-ի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահությանը»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել նախագահ Սարգսյանի հետ աշխատանքը ՆԱՏՕ - Հայաստան գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ: «Մենք հիմք ենք ընդունում միջազգային դիտորդական առաքելության նախնական արդյունքները, որոնք փաստում են, որ ընտրությունները լավ կազմակերպված են անցել ու հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Մենք ողջունում ենք Հայաստանի արձանագրած առաջընթացը նախորդ ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում եւ վստահ ենք, որ հետագա քայլեր կձեռնարկվեն բացթողումների լրացման ուղղությամբ», - նախագահականի պաշտոնական հաղորդագրության համաձայն` փետրվարի 18-ի ընտրությունների կապակցությամբ ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG