Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ԱԱԽ ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են կառավարության անդամները եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Երեւանի քաղաքապետը, ՀՀ օրենքով ստեղծված անկախ հանձնաժողովների, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի եւ Վճռաբեկ դատարանի նախագահները, մարզպետները:

Նիստի սկզբում Սերժ Սարգսյանը հետագա աշխատանքների կազմակերպման տեսանկյունից կարեւորել է միջազգային հանրության գերազանցապես դրական արձագանքը եւ ընտրությունների անցկացումը առանց ատելության մթնոլորտի:

«Հիմա շատ կարեւոր է, էական է որպեսզի մենք չթուլանանք, կանգ չառնենք, այլ մեր ամենօրյա ակտիվ աշխատանքով ամրապնդենք արդեն ձեռք բերածը: Ընտրությունների ավարտով ընտրական մեխանիզմի կատարելագործումը չի ավարտվում, ընդհակառակը՝ մենք հիմա պարտավոր ենք ամփոփել միջազգային դիտորդների կողմից արված առաջարկները, դիտողությունները, պարտավոր ենք հատիկ առ հատիկ ուսումնասիրել մամուլում եւ սոցիալական ցանցերում եղած նյութերը եւ, բնական է, որ այստեղ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն օրենսդիր, գործադիր իշխանությունները, այլ նաեւ իրավապահները»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Նիստի օրակարգի շրջանակում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զեկուցել է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների եւ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների մասին: Զեկույցներ են ներկայացվել նաեւ նախագահի ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից ստացված հաղորդումների եւ դրանց ուսումնասիրության ընթացիկ արդյունքների մասին:

Նիստի արդյունքում ՀՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, հանձնարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Սարգսյանին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի հրապարակումից հետո վերսկսել Ընտրական օրենսդրության եւ ընթացակարգերի բարեփոխման աշխատանքային խմբի գործունեությունը` ըստ անհրաժեշտության աշխատանքային խմբի կազմում ապահովելով քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Ոստիկանությանը եւ դատախազությանը հանձնարարվել է շարունակել ընտրական գործընթացների առնչությամբ ստացված հաղորդումների քննարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG