Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան. «Միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը խոսում են տարբեր լեզուներով»


Ըստ Հայաստանի արտգործնախարարի՝ Ադրբեջանի եւ միջազգային հանրության միջեւ խորանում է քաղաքակրթական անդունդը։

«Ադրբեջանը մերժում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի կողմից հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ բոլոր առաջարկները», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ավստրիական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Մերժում է նույնիսկ վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ զինադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, հրադադարի խախտումների վերաբերյալ հետաքննության մեխանիզմի ստեղծման», - շարունակել է Նալբանդյանը, - «Նրանք պատրանք ունեն, որ նավթից եւ գազից հեշտ ստացված եկամուտներով իրենք կարող են գնել ամեն ինչ՝ բարեկամներ միջազգային բեմահարթակում, իրենց համար նպաստավոր լուծումներ»։

«Ինչու մինչ այսօր չի ստացվում կարգավորման հասնել։ Որովհետեւ միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը խոսում են տարբեր լեզուներով: Այն ժամանակ, երբ մենք հավաքվել ենք Վիեննայում խթանելու քաղաքակրթությունների միջեւ երկխոսությունը, Ադրբեջանի եւ միջազգային հանրության միջեւ խորանում է քաղաքակրթական անդունդը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ մանրամասնելով. - «Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները քարոզում են անհանդուրժողականություն, ատելություն, քարոզում են պատերազմ, հերոսացնում են ռասիստ մարդասպաններին: Իսկ խաղաղության, համերաշխության կողմնակիցներին, ինչպես դա պատահեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի պարագայում, սպառնում են ականջ կտրել»։

«Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ինչ-որ ձեւով կախված չէ նաեւ տարածաշրջանային այնպիսի երկրից, ինչպիսին Թուրքիան է, որը կողմնակալ դիրքորոշում ունի հակամարտության վերաբերյալ», - լրագրողի այս հարցին, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը արձագանքել է. - «Այո, Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին: Եվ բնականաբար չի կարող միջնորդի դեր խաղալ այս գործընթացում: Եթե Թուրքիան իսկապես ցանկություն ունի նպաստել խաղաղ կարգավորմանը, լավ կլիներ, որ ընդհանրապես չխառնվեր այդ գործընթացին»:

«Պատճառը, որ մինչ այսօր հնարավոր չի եղել հասնել կարգավորմանը, Ադրբեջանի ապակառուցողական եւ մերժողական քաղաքականությունն է։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ ուժի գործադրումը, ռազմական լուծումը կարող է հնարավոր տարբերակ լինել։ Սակայն, իհարկե, պատերազմը լուծում չէ, եւ բանակցային գործընթացին այլընտրանք չկա», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։

Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման սառեցված գործընթացին՝ Նալբանդյանը ասել է. - «Մենք համաձայնության եկանք։ Ցյուրիխում ստորագրվեցին հայ - թուրքական արձանագրությունները, սակայն թուրքական կողմը մերժեց վավերացնել եւ իրականացնել այդ համաձայնությունները: Փաստորեն Թուրքիան մերժում է միջազգային հարաբերությունների կարեւորագույն pacta sund servanta սկզբունքը՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն։ Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումը նույնն է՝ Թուրքիան պետք է հարգի պայմանավորվածությունները, վավերացնի եւ իրականացնի արձանագրություններն առանց նախապայմանների»:

«Ինչո՞ւ եք Դուք Թուրքիայից պահանջում ճանաչել մոտ 100 տարի առաջ հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը», - այս հարցին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է. - «Այս հարցում մենք պատասխանատվություն ենք կրում մարդկության առջեւ՝ թույլ չտալու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնությունը: Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն, դատապարտվեն, չպետք է հանդուրժվի դրանց ժխտումը։ Սա է ճանապարհը: Դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության խնդիրն է։ Սա մարդու հիմնարար իրավունքների եւ միջազգային իրավունքի հարգման խնդիր է»։

«Ավստրիան մինչ այսօր Թուրքիայի այդ գործողությունները որպես Ցեղասպանություն չի որակել։ Հիասթափվա՞ծ եք դրանից», - այս հարցին էլ Նալբանդյանը պատասխանել է. - «Մենք հուսով ենք, որ Ավստրիան եւս, ինչպես Եվրոպայի եւ աշխարհի այլ երկրներ, կճանաչի այն»։

Փետրվարի 18-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների առնչությամբ Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. - «Դիտորդները դրական գնահատական են տվել ընտրություններին: Նրանք միակարծիք էին, որ ընտրությունները կարեւոր քայլ առաջ էին։ Արվել են նաեւ առաջարկներ ընտրական գործընթացը կատարելագործելու ուղղությամբ։ Մենք ուշադրությամբ կուսումնասիրենք արված առաջարկները, կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը համապատասխան բարեփոխումներ իրականացնելու, մեր ընտրական համակարգն է՛լ ավելի բարելավելու ուղղությամբ»։

«Վերջին տարիներին կարեւոր բարեփոխումներ են իրականացվել Հայաստանում, որոնց արդյունքում տարածաշրջանի երկրների համեմատությամբ մեր երկիրը առաջատար դիրքերում է որոշ միջազգային վարկանիշային աղյուսակներում եւ ցուցիչներում՝ մամուլի ազատության, գործարար միջավայրի եւ այլ բնագավառներում: Եվ մենք վճռական ենք շարունակելու բարեփոխումների ընթացքը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG