Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպումներ ունեցավ Սյունիքի մարզում։

Հովհաննիսյանն այցելեց Ագարակ, Մեղրի, Քաջարան եւ Կապան քաղաքներ, որտեղ հանդիպումներ ունեցավ իր համակիրների եւ այն քաղաքապետերի հետ, ովքեր տեղում էին եւ ընդունեցին ընդդիմադիր գործչին։

Ի տարբերություն մյուս քաղաքների Կապանի հրապարակը մարդաշատ էր եւ ժողովուրդը ոգեւորությամբ դիմավորեց Հովհաննիսյանին։

«Բարեւ։ Ամեն մեկը իր տեղը ունի։ Հանգիստ, հանդուրժող, հարգանքով նոր Հայաստան ենք կերտում, դուք հասկացեք, սա հինը չէ, դուք զգում եք, որ մենք միասին նոր Հայաստան, նոր Սյունիք, նոր Կապան ենք ստեղծում եւ դուք բերել եք հաղթանակը շատ ու շատ այլ քաղաքների, գյուղերի հետ մեկտեղ», - կապանցիներին դիմելով՝ ասաց ընդդիմադիր գործիչը։ - «Որքան էլ ցավ կա ձեր սրտում, անարդարություն, տառապանք, դուք ձեզ զսպեք։ Սրանից հետո ոչ մեկի անունը չենք տալու, ես չեմ ուզում լսել ոչ Րաֆֆիի, ոչ Սերժի, ոչ Լեւոնի, ոչ Լիսկայի... ոչ մի անուն, միայն Հայաստան»։

Հովհաննիսյանը հավաքվածներին վստահեցրեց, որ պատասխանատու է նրանց առջեւ եւ մինչեւ կյանքի վերջին կաթիլը թույլ չի տալու, որ՝ «ձեր հաղթանակը ձեզանից գողանան»։

Իր ելույթում նա շնորհակալություն հայտնեց կապանցիներին իրեն ընտրելու համար, միեւնույն ժամանակ ամբիոնից պահանջեց մարզպետի հրաժարականը՝ Սյունիքի մարզում ընտրությունները կեղծելու համար։

Մոտ կես ժամ տեւած բուռն եւ բազմակարծիք հանրահավաքից հետո, որի ընթացքում իրարամերժ կարծիքներ հնչեցին Սյունիքի մարզում տիրող իրավիճակի, մարզպետի մասին, բեմ բարձրացավ շիկահեր մի կին եւ գովեստի խոսքեր հնչեցրեց մարզպետ Սուրեն Խաչատրյանի հասցեին ու քննադատեց նրա հրաժարականը պահանջողներին, ինչին ի պատասխան հնչող սուլոցները ու դժգոհությունները հանդարտեցնելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ամեն ոք իրավունք ունի սեփական կարծիքն ունենալ։

Իսկ մինչ այդ Ագարակում, Մեղրիում եւ Քաջարանում Հովհաննիսյանը, ով այդ քաղաքներում պարտություն էր կրել, հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են եւ դրանում մեղքի բաժինն ունի, մասնավորապես, մարզպետը։

«Ժողովրդին հարիֆի տեղ են դնում», - Ագարակում հայտարարեց Հովհաննիսյանը։

Ի պատասխան դրա, Մեղրիի նորընտիր հանրապետական քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանն էլ ասաց, որ Մեղրիում ընտրությունները միշտ եղել են արդար ու թափանցիկ, իսկ դրա ապացույցը Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած մոտ 700 ձայներն են, որոնք, քաղաքապետի խոսքով, ընդդիմադիր գործիչը ստացել է այն դեպքում, երբ որեւէ անգամ որեւէ բան չի արել Մեղրիի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG