Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետը քննադատում է Րաֆֆի Հովհաննիսյանին


Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը քննադատում է նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ առանց իրազեկման մարզում հանդիպումներ անցկացնելու համար։

«Ինձ համար էլ է մի քիչ ցավալի, երբ որ մարդ ամբողջ օրը խոսում է օրենքի տառից, Սահմանադրության տառից, բայց ինքը առավոտից իրիկուն սահմանադրական խախտումներ է անում», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, մասնավորապես, ասաց Սյունիքի մարզպետը՝ հավելելով. – «Կոնկրետ այսօրվա հանդիպումները, որոնք շատ համայնքներում չկայացան՝ ժողովուրդը չհավաքվեց, սահմանադրական խախտում էր, արտոնված չէր եւ իրազեկված չէին։ Սահմանադրությամբ հստակ նշված է, որ 7 օր առաջ ինքը պետք է իրազեկի համայնքի ղեկավարին եւ տարածքային իշխանություններին, որ ինքը ուզում է եւ փորձում է հանդիպում անցկացնել»։

Մարզպետը նաեւ վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները ոչ ոք չի խոչընդոտել, ինքը եւ համայնքների ղեկավարներն արել են ամեն ինչ, որ «հարթ, սահուն անցնի»։

Սուրեն Խաչատրյանը նշեց, որ վտանգավոր է համարում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները։

«Մենք 5 տարի առաջ ունեցել ենք Մարտի 1, որը ոչ մեկիս պատիվ չէր բերում։ Եվ այսօր Մարտի 1 ապրած ժողովուրդը նորից նույն քայլերով շարունակի՞, նամանավանդ Րաֆֆի Հովհաննիսյանի նման մարդը, որը առավոտից իրիկուն Սահմանադրության տառից է խոսում, օրինապահությունից է խոսում, որ ամեն օր միտինգներ, ամեն օր միտինգներ, իսկ միտինգները բնականաբար բերում են իրենց վատ արդյունքների», - հայտարարեց Սյունիքի մարզպետը՝ կարծիք հայտնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «պետք է խաղաղվի»։

«Երբ որ ինքը կխաղաղվի, կընդունի, որ իսկապես ունենք ընտրված նախագահ, ես չեմ կարծում, որ նախագահը իրեն չկանչի եւ իր ունեցած հնարավորությունները չօգտագործի։ Այսօր, բնականաբար, ինքն էլ պետք է փորձի իր համեստ պահվածքով իր ունեցած հնարավորությունը, ուժը ներդնի մեր երկրի էլ ավելի զարգացմանը եւ մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքին», - նշեց նա։


Հրաժարականի պահանջ


Մինչեւ Սյունիքի մարզպետի հետ հարցազրույցը կայացել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը կապանցիների հետ։ Հանդիպման ընթացքում Սյունիքի մարզպետի հրաժարականի պահանջներ էին հնչեցվել։

Դրան ի պատասխան Սուրեն Խաչատյանը հայտարարեց. - «Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը, վաղը միգուցե Հրանտ Բագրատյանը, մյուս օրը Արամ Հարությունյանը... միգուցե ամեն չընտրված թեկնածու կարող է Սյունիքով անցնի եւ իմ հրաժարականս պահանջի։ Հիմա ես հո չեմ կարող բոլորին պատասխանել, առաջին հերթին հիմնավորում պետք է ունենան այդ մարդիկ, երկրորդ հերթին էլ ես այդպես լուրջ չեմ ընդունում»։

Սյունիքի մարզպետը նաեւ ասաց, թե շնորհակալ է Րաֆֆի Հովհաննիսյանից. – «Ընդամենը շնորհակալ եմ, որ ինձ դասեց Բարաք Օբամայի, Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի հետ։ Ում որ հրաժարականը պահանջում է, նաեւ ինձ էլ էդ շարքում պահանջեց, դրա համար շնորհակալ եմ։ Բայց նաեւ ուզում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհանրապես իր խոսքերի մեջ մի քիչ համեստ լինի։ Երբ որ մի տեղ ընտրությունները քվեարկվել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, ապա այդ տարածքում ընտրությունները կեղծված չեն, երբ որ մեկ ուրիշ համայնքում իր օգտին չի քվեարկված, ապա ինքը մտածում է, որ այդտեղ ընտրությունները կեղծված են։ Դա իր ենթադրությունն է»։

Սուրեն Խաչատրյանն ասաց, թե պետք է ազգովի հպարտանանք, որ հաջողվել է իրականություն դարձնել Հանրապետության նախագահի պահանջը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

«Հայաստանի Հանրապետության նախագահը շատ խիստ պահանջ դրեց առաջին հերթին մարզպետներին, որ մեզ անհրաժեշտ է արդար, մաքուր, թափանցիկ ընտրություն, եւ մենք էլ գիտակցելով, որ իսկապես ժամանակն է, որ այդ վայրենու ու օրինախախտի պիտակը մեզանից հանենք, մենք էլ փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ», - նշեց նա։

Ինչ վերաբերում է երկրի իշխանությունների եւ անձամբ իր հասցեին հնչող քննադատությանը, Սյունիքի մարզպետն ընդունեց, որ մարզում շատ խնդիրներ կան, բայց դրանց հակադրեց երկրի «անվտանգության խնդիրը»։

«Շատ դեպքերում գիտակից մասսան մտածում է՝ ավելի լավ է կիսասոված լինենք, քան առանց հայրենիք։ Այ, ես ուզում եմ այս կարգախոսով առաջնորդվենք, եւ եթե մի ժողովուրդ 25 տարի պատերազմի մեջ է, երբ պատերազմ ենք դիմակայել, եւ Ադրբեջանի սպառազինության մրցավազքին կարողանանք դիմակայել, եւ կարողանաք ամուր սահմաններ ունենալ, եւ ուսուցիչն էլ, թոշակառուն էլ լիարժեք աշխատավարձ ու թոշակ ստանան, սա, բնականաբար, կարծում եմ չի լինի», – ասաց Սուրեն Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ մարզային իշխանությունները քայլեր են ձեռնարկում առաջին հերթին աշխատատեղեր ստեղծելու եւ մարզի տնտեսական զարգացման ուղղությամբ։

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե հաճախ թե՛ իրեն, թե՛ մարզի մյուս պաշտոնյաներին մեղադրում են կոռուպցիայի մեջ, եւ հարցին, թե ի՞նչ է մարզպետն անում կոռուպցիայի դեմ պայքարելու համար, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. - «Շատ դեպքերում այդ խոսակցությունը իներցիայով գնում է, բայց ոչ թե մեկին, երկուսին՝ շատ մարդկանց եմ ազատել, որոնք իրենց դիրքում, պաշտոնում իրենց ճիշտ չեն պահել, որովհետեւ մեր տարածաշրջանում կոնկրետ նման խնդիր չի կարող լինել։ Այսօր այդպիսի խնդիր չկա, այդ մասին հարցրեք ցանկացած սյունեցու եւ իրենց կարծիքը լսեք»։


Կապան. հրաժարականի պահանջ չկա


Մարզպետը նաեւ հերքեց լուրերը, թե Կապանի քաղաքապետի հրաժարականի խնդիր կա դրված, քանի որ այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել էր գործող նախագահին։

«Կապանի քաղաքապետը իր օրինական աշխատանքներն է անում, ինքը պետք է փորձի ավելի շատ աշխատի եւ դաս քաղի, որ մշտապես ասել եմ՝ ժողովուրդը համապետական ընտրություններին գնում են գյուղապետի դեմքով, քաղաքապետի դեմքով եւ մարզպետի դեմքով։ Եվ արդյունքը լինում է լավ կամ վատ այդ երեք անձնավորությունների պարագայում։ Հիմա այսօր քաղաքապետը արդեն գիտի, որ ինքը ժամանակ ունի, առաջիկա 4 տարիներին ինքը կփորձի իր ժողովրդի համար վստահելի եւ ընդունելի կդառնա», – նշեց Սուրեն Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG