Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը (ՀՀԿ) «ինքնաբուխ» է համարում հետընրտական շրջանում տեղական ինքնակառավարման մարնինների որոշ ղեկավարների հրաժարականները:

Նահապետյանի խոսքով` ընտրական գործընթացը պայմանավորված չէ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց գործողություններով, դրա համար, ըստ նրա` կան «պատասխանատու անձինք` ընտրական հանձնաժողովներ». - «Յուրաքանչյուր թիմ, յուրաքանչյուր շտաբ ինքն է որոշում, թե ինչպիսի աշխատանք է կատարել իր թիմի ներկայացուցիչը: Համենայն դեպս, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար մարմինների կողմից որեւէ նման պահանջ չի ներկայացվել, եւ անգամ այն հրաժարականները, որ առանձին դեպքերում ներկայացվել են, եղել են շատ ինքնաբուխ, եւ դրա կապակցությամբ շատ շուտով կլինի նաեւ մեր կուսակցության գործադիր մարմնի նիստը եւ խորհրդի նիստը, որի շրջանակներում կքննարկվի նաեւ հրաժարականների հարցը»:

«Ընդհանուր առմամբ, չեմ կարող բացառել, որ հրաժարականներ չէին լինի, բայց ողջունել այդ գործընթացը եւ ասել, որ դա պետք է ունենա շարունակություն, ու դա կապել ընտրական գործընթացի հետ կամ ընտրությունների արդյունքի հետ, ես համարում եմ ոչ ճիշտ», - եզրափակեց նա:

Հարցին, թե ինչ նկատի ունի ինքնաբուխ ասելով` հաշվի առնելով, որ հրաժարական են ներկայացնում այն համայնքների ղեկավարները, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվել է, Նահապետյանն արձագանքեց. - «Ակնկալել, որ բոլոր տարածքներում Հանրապետական կուսակցությունը կարող էր բացարձակ առավելություն ունենալ, չենք կարող ճիշտ համարել: Բնականաբար` ընտրություն է: Տարբեր տեղամասերում տարբեր արդյունքներ են արձանագրվել: Եղել են որոշակի տարածքներ կամ տեղամասեր, որտեղ Հանրապետական կուսակցությունը հաջողություն չի արձանագրել, բայց մենք բոլորս կարող ենք փաստել, որ գերազանցապես մենք առավելություն ունենք այս ընտրություններում, եւ Հանրապետության նախագահն ընտրվել է` ունենալով ձայների բացարձակ մեծամասնություն»:
XS
SM
MD
LG