Մատչելիության հղումներ

Դասադուլ անող ուսանողների «բարեւին» «հաջող» են ասում


Արդեն երրորդ օրն է մի խումբ ուսանողները դասադուլի կոչեր են հնչեցնում երեւանյան բուհերի առջեւ` կոչ անելով ուսանողներին միանալ իրենց:

Բուհերի ուսանողներին դասադուլին միանալու կոչերով մի քանի տասնյակ երիտասարդների ու ուսանողների ակցիան այսօր սկսվեց վաղ առավոտյան` դասերի սկսվելու հետ մեկտեղ Երեւանի պետական համալսարանի մուտքի մոտից:

Ի դեպ, հենց այդ ժամից բոլոր բուհերի շենքերի մոտ տեղակայված էին ոստիկանական ջոկատները, որոնք վերահսկում էին ցուցարարներին: ԵՊՀ-ի դիմաց քաշքշուկ տեղի ունեցավ ցույցի մասնակիցների եւ ինչ-որ երիտասարդների միջեւ, որոնք նրանց պահանջում էին հեռանալ:

Ոստիկանների միջամտությունից հետո միջադեպը հարթվեց, որից հետո բողոքի ակցիան Տնտեսագիտական համալսարանի մոտով հասավ Պետական բժշկական համալսարան, հետո ԵՊՀ-ի պատմական ֆակուլտետի շենքի մոտ երիտասարդները լռությամբ հարգեցին ԵՊՀ դասախոս Բաբկեն Հարությունյանի հիշատակը, ով երեկ է մահացել, որից հետո շարժվեցին Ագրարային համալսարան: Այստեղ մուտքի մոտ մի քանի շարքով պատ կազմած կանգնած էին համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ, որոնք ցուցարարներին տեսնելուն պես բացականչեցին` «հեռացեք»: Նրանց «բարեւ» բացականչություններին ի պատասխան էլ սկսեցին բղավել «հաջող»: Երկու կողմի բացականչությունները տեւական ժամանակ խառնվեցին իրար: Նաեւ հատուկենտ դասախոսներ էին դուրս եկել:

Ակցիայի մասնակիցները պնդում էին, շենքի դիմաց պատ կազմած երիտասարդները հանրապետականներ են, ինչը հավաքվածները հերքում էին:

Այնուհետեւ ցույցը գլխավորողներից` ՀԺԿ երիտթեւի նախկին ղեկավար, փետրվարին «Ժառանգություն» կուսակցությանը միացած Նարեկ Վարազդատյանը բարձրախոսով հետ պահանջեց իր դիպլոմն ու շախմատի համար ստացած մրցանակները` հայտարարելով, որ հանրապետականացված բուհի հետ չի ուզում առնչություն ունենալ:

Դասադուլին միանալու կոչով ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջն է անվավեր ճանաչել, իրենց բնորոշմամբ, կեղծված նախագահական ընտրությունները:

Ագրարային համալսարանի մոտից ցուցարարները Կոնսերվատորիայի դիմացի մայթով շարժվեցին դեպի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Այստեղ եւս նրանց առջեւ դռները փակ էին, եւ ուսանողների ուղղված միանալու կոչերին արձագանքեց ուսխորհրդի նախագահը: Նա պնդում էր, որ ուսանողներին ոչ ոք չի արգելում դուրս գալ, պարզապես նրանք չեն ցանկանում միանալ:

«Դուք լավ մասնագիտության տեր եք, բայց էս թատրոնը դադարեցրեք», - նկատեց դասադուլի կոչ անողներից մեկը:

Հավաքվածները հանկարծ նկատեցին բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանին պատուհանից նայելիս:

«Պարոն Մազմանյան, էս դուռը փակել եք, պատուհանից նայում եք, որ ի՞նչ անեք», - հեգնեցին նրանք:

Ռեկտորը դուրս չեկավ, ցուցարարներն էլ շարժվեցին դեպի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, այնտեղից էլ Ազատության հրապարակ: Վաղվանից այստեղ են ակցիաները շարունակվելու:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում բուհերի ռեկտորատներում հերքում էին, որ ուսանողներին սպառնում եւ արգելում են այս ակցիաներին մասնակցել:

«Եթե դուք արդեն երրորդ օրն է գալիս եք եւ կոչ եք անում միանալ դասադուլին, ուսանողները չեն ուզում միանալ դասադուլին... ուսանողը այսօր ազատ է, եթե կիսի իրենց գաղափարները, արդեն վաղուց միացել էր, եւ ոչ մեկ, ոչ մի վարչական լծակ եւ այլն չէր կարող ուսանողի թույլ չտալ, որ ինքը իր խոսքը կամ կարծիքը հայտնի», - ասաց ԵՊՀ-ի լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը:

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը «ամենայն պատասխանատվությամբ» վստահեցնելով, որ ոչ ոք ոչ սպառնում է, ոչ էլ վախեցնում իրենց ուսանողներին, չհամաձայնեց այն պնդումներին, որ սա ինքնաբուխ ուսանողական ակցիա է: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ցուցարարների կորիզը բնապահպանական եւ տարբեր առիթներով մշտապես բողոքող ակտիվիստներն են:

«Մենք գործ ունենք պրոֆեսիոնալ ցուցարարների հետ, նրանց կազմում մեկ կամ երկու ուսանող կարող եք գտնել: Ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները մեկ խումբ են` եւ մասնակցում են, եւ կազմակերպում: Նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում, քաղաքական կոչերով են հանդես գալիս` այն ուժերի կողմից, որոնք ուզում են խաթարել ուսումնական գործընթացը, խժդժություններ մտցնել: Ինձ համար ակնհայտ է, որ ուսանողները այս ակցիաները ոչ կազմակերպում են, ոչ էլ մասնակցում են», - ասաց Մարկոսյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG