Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոքի նոտա է փոխանցել Լիտվայի արտգործնախարարությանը` լիտվական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության պատգամավորական խմբի ստեղծման նախաձեռնության կապակցությամբ։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Լիտվայում Ադրբեջանի դեսպանությունից, դեսպան Հասան Մամեդզադեն այդ հարցով արդեն հանդիպումներ է անցկացրել Լիտվայի Սեյմասի եւ արտգործնախարարության ղեկավարությունների հետ։

Այժմ Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունում սպասում են նոտայի պաշտոնական պատասխանին։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Լիտվայի Սեյմասում Ղարաբաղի հետ բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը երեկ ընթերցել է լիտվական խորհրդարանի պատգամավոր Դալիա Կուոդիտեն երեկ Սեյմասում կայացած «Հայաստան - Լիտվա. հայացք դեպի ոչ վաղ անցյալ» խորագրով գիտաժողովի ժամանակ, որին որպես հատուկ հրավիրյալներ մասնակցել ու ելույթ են ունեցել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվել է Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Սույն նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ:

Լիտվական խորհրդարանում կայացած գիտաժողովը նվիրված էր Հայաստանում եւ Լիտվայում ժողովրդավարական շարժումների եւ Ղարաբաղի հայության ազգային ազատագրական պայքարի 25-ամյակին: Գիտաժողովի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել նաեւ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG