Մատչելիության հղումներ

Թանկյանը` Սարգսյանին. «Հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին»


Սերժ Թանկյանը Երեւանում, օգոստոս, 2011թ.
Սերժ Թանկյանը Երեւանում, օգոստոս, 2011թ.
Աշխարհահռչակ ռոք աստղ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը երկրորդ նամակն է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` մասնավորապես, նշելով. - «Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին եւ չանդրադարձաք իմ նախկին նամակում բարձրացրած խնդիրներին»:

«Ինձ համար մեծ պատիվ է այն, որ Դուք պատասխանեցիք իմ նամակին: Ճիշտն ասած, ես չէի սպասում, որ Դուք կպատասխանեք` նկատի ունենալով իմ կողմից արտահայտված խիստ քննադատությունը: Այն փաստը, որ Դուք պատասխանեցիք, շատ ոգեւորող է», - Հայաստանի նախագահին գրում է ռոք աստղը։

«Կարծում եմ, որ Դուք մեծ աշխատանք եք կատարել Հայաստանի սահմանները ապահովելու գործում` Ղարաբաղյան պատերազմից առաջացած չափազանց զգայուն եւ բարդ իրավիճակում: Եթե հիշում եք, ես գնահատել եմ Ձեր ջանքերն այդ հարցում մեր անձնական հանդիպման ժամանակ», - ընդգծում է Թանկյանը` շարունակելով. - «Այնուհանդերձ, անվտանգությունը հարկավոր չէ վերածել քավության նոխազի մեր հայրենիքում` ուշադրությունը անհավասարությունից եւ անարդարությունից շեղելու նպատակով»:

«Քաղաքացիները Հայաստանում բողոքում են ընտրությունների արդյունքների եւ քաղաքականության մեջ առկա անարդարությունների դեմ: Խնդրում եմ, լսեք նրանց բողոքները: Լսեք դասադուլ հայտարարած ուսանողներին եւ մի թողեք ուսումնական հաստատություններին կամ ոստիկաններին լռեցնել նրանց ձայները ի վնաս ժողովրդավարության: Նրանք Հայաստանի ապագան են», - Սերժ Սարգսյանին գրում է Սերժ Թանկյանը։

«Կաշառակերություն, անարդարություն, արտագաղթ եւ կեղծված ընտրություններ: Սրանք այն արատներն են, որոնք դատարկել են մեր երկիրը իր քաղաքացիներից` ավելին, քան ականները եւ ռումբերը: Դուք ի՞նչ եք պատրաստվում անելու այն շտկելու համար: Պատրաստվո՞ւմ եք արդյոք համակարգը բարեփոխել», - Հայաստանի նախագահին հարցնում է ռոք աստղը` խնդրելով հաստատել օրենքի իշխանություն «մեկընդմիշտ, որպեսզի մարդիկ իրենց հարգված զգան օրենքի եւ դատարանների կողմից»: «Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները լավն են: Նրանց իրագործումն է պակասում», - կարծիք է հայտնում Թանկյանը։

«Ձեր նամակում Դուք ընդունեցիք, որ փոփոխություն հարկավոր է եւ, կարծեմ, առաջարկեցիք, որ մտադրված եք լուրջ քայլեր ձեռնարկել այդ հարցում, որպեսզի մենք ստիպված չլինենք եւս 20 տարի սպասել այդ ազատությանը հասնելու համար: Դրա համար Ձեր ժողովուրդը հավերժ Ձեզ երախտապարտ կլինի, Սերժ», - Հայաստանի նախագահին գրում է Սերժ Թանկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG