Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների համար երեք անձանց մեղադրանք է առաջադրվել


Հայաստանում փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրություններում թիվ 12/16 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած երկու անձանց եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին։

«Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ. Միքայելյանը եւ թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Հ. Մովսիսյանը 2013 թվականի փետրվարի 18-ին իրենց ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելուց հետո՝ ժամը 14:20-ի սահմաններում, փորձել են քվեարկել նաեւ թիվ 12/16 ընտրատեղամասում: Սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նրանք չեն կարողացել հանցագործությունն ավարտել եւ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, քանի որ թիվ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նկատել է եւ կանխել», - ասված է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` ձեռք բերված ապացույցների հիման վրա Միքայելյանին եւ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար։

«Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ռ. Ղազարյանը, ով Գ. Միքայելյանին եւ Հ. Մովսիսյանին գրանցել է եւ թույլատրել ընտրողների ցուցակում այլ անձանց փոխարեն ստորագրել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու համար», - փոխանցում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG